չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Սամվել Կարապետյանին ազատությունից զրկելը նպատակ ունի հետ պահել իր գործունեությունից․ Արման Թաթոյան

Սամվել Կարապետյանին ազատությունից զրկելը նպատակ ունի հետ պահել իր գործունեությունից․ Արման Թաթոյան

Ես ուզում եմ ասել, որ Սամվել Կարապետյանն իրականում ոչ միայն քաղբանտարկյալ է, այլ պատանդ է ուղղակի, որովհետև ակնհայտ է՝ նրան ազատությունից զրկելը նպատակ ունի հետ պահել իր գործունեությունից, և սա, կարծում եմ, վաղուց ծրագրված քայլ էր, ուղղորդված քաղաքական հաստակ հայտարարություններով, քաղաքական հրահանգներով, և ազատությունից զրկելը ամբողջությամբ տեղավորվում է դրա մեջ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ՄԻՊ, «Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը: 

«Այստեղ իրավաբանություն չկա, այստեղ պարզապես քաղաքական հրահանգների իրավական ձևակերպում է արված: Ինչ հոդված էլ ուզում է դրվի, քաղաքական հրահանգն է հիմքում: Ես դա կապում եմ Սամվել Կարապետյանի գործունեության հետ, եկեղեցուն պաշտպանելու նրա գործունեության հետ, և ես նրա արարքում քրեական հետապնդման մասնագետ լինելով, քրեական հետապնդման որևէ չեմ տեսնում»,-նշեց Թաթոյանը։ 

Նա հավելեց՝ եկեղեցու դեմ այսօրվա շարունակվող հետապնդումները քաղաքական սցենարի մի արար է: 

«Ակնհայտ է՝ վարչապետի կարգավիճակն ունեցող Փաշինյանը միաժամանակ իր վրա է վերցրել դատարանի, դատախազի, քննիչի, օպերատիվ աշխատակիցի լիազորությունները և հենց այդ տրամաբանությամբ էլ գործում է քաղաքական հրահանգներով։ Ինքն անընդհատ իրեն դիրքավորում է որպես հայոց եկեղեցու հետևորդ: Չի կարող մի մարդ հայոց եկեղեցու հետևորդ լինել, քրիստոնյա կոչվել ու անընդհատ ատելություն  սերմանել, մարդկանց թշնամացնել»,-ասաց Արման Թաթոյանը:

Նա նշեց նաև, որ իշխանության՝ եկեղեցու դեմ նմանատիպ գործողությունները համընկնում են ադրբեջանական իշխանությունների և հոգևոր առաջնորդների կողմից հնչող հայտարարություններին: Թաթոյանն օրինակ է բերում մի քանի օր առաջ, միջազգային հանրության առջև Ադրբեջանի հոգևոր հոր բողոքը, թե իբր Հայ Առաքելական եկեղեցին պատերազմի քարոզիչ է, ռևանշիստ է և այլն:

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու հարցը այս պահին քնվում է Հակակոռուպցիոն դատարանում:

  • Կիսվել: