հինգշաբթի, հոկտեմբեր 22
22 / 10 / 2026
Սահմանադրության փոփոխության հարցն ինձ համար քաղաքական առաքելություն է, եթե պարզվի՝ ժողովուրդը չի սատարում, իմ քաղաքական միսիան ՀՀ-ում կհամարեմ սպառված. Փաշինյան

Սահմանադրության փոփոխության հարցն ինձ համար քաղաքական առաքելություն է, եթե պարզվի՝ ժողովուրդը չի սատարում, իմ քաղաքական միսիան ՀՀ-ում կհամարեմ սպառված. Փաշինյան

Բիշքեկում մեր հանդիպման ժամանակ այս թեմայով խոսակցություն է եղել: Ես ասել եմ ադրբեջանական կողմին, որ մեզ համար ընդունելի չէ, որ Ադրբեջանից անընդհատ մեր Սահմանադրության հետ կապված հարցեր են բարձրացվում, որովհետև դա մեր ներքին օրակարգն է: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է Սահմանադրության փոփոխությունը խորհրդարան բերվելու:

«Ադրբեջանական կողմի դիրքորոշումը հետևյալն է. նրանք ասել են, որ ընդունում են՝ Սահմանադրության հարցը Հայաստանի ներքաղաքական կյանքի հարցն է, ներքին հարց է, և որևէ մեկը Հայաստանի և այլ երկրների ներքին կյանքին միջամտելու իրավունք չունի: Պարզապես նրանք մեզ տեղեկացնում են, իրազեկում են, քանի որ մենք քննարկում ենք խաղաղության համաձայնագրի հետ կապված հարցը, որ իրենք ունեն այդպիսի քաղաքական դիրքորոշում: Ես կարծում եմ՝ այստեղ կարող է թվալ, որ ձևակերպումների տարբերությունը մեծ չէ, բայց իմ կարծիքով և իրականում այն մեծ է, որովհետև Սահմանադրությունը մեր ներքին խնդիրն է:

Այստեղ մենք շարունակաբար անում ենք հետևյալ վերլուծությունը, որ եթե մենք, այսպես թե այնպես, փոխելու ենք Սահմանադրությունը, դա մեր արդեն իսկ նախընտրական ծրագրի և Կառավարության ծրագրի մաս է, ի՞նչն է մեզ խանգարում, որպեսզի մենք հաճելին համատեղենք օգտակարի հետ:

Հիմա, որ Ադրբեջանը նման բան է ասում, մենք ասենք՝ վե՛րջ, մենք մեր օրակարգից հրաժարվում ենք, չենք գնալու այդ ճանապարհով: Ո՛չ, մենք պետք է գնանք այդ ճանապարհով, և պետք է նոր Սահմանադրություն ունենանք, և դրա մասին բազմիցս խոսել ենք: Դա շատ կարևոր և սկզբունքային հարց է»,- ասաց նա:

Փաշինյանը տեղեկացրեց, որ առաջիկայում կհրապարակվի Սահմանադրության նախագիծը, և կսկսվեն հանրային քննարկումներ, ապա նախագիծը կուղարկվի խորհրդարան: Իշխող ուժը կփորձի ընդդիմությանը համոզել, որ սա շատ կարևոր և սկզբունքային հարց է, և որ սա, ինչպես վարչապետն է նշում, Հայաստանի պետության հարատևությունը որոշելու հարց է:

«Կփորձենք համոզել: Չստացվեց, ուրեմն կգնանք ուրիշ սցենարներով, այդ թվում կարող ենք նաև արտահերթ ընտրություններ անել: Ո՞վ է ասել, որ նման սցենարը բացառված է: Ինձ համար խնդիր է, որ ես ունեմ հանձնառություն ՀՀ քաղաքացիների առաջ՝ և՛ Սահմանադրության փոփոխության, և՛ խաղաղության համաձայնագրի ստորագրման ու վավերացման հարցում:

Ես կարծում եմ, որ եթե Հայաստանի ժողովուրդն իմ այս հանձնառությունն ուզում է տեսնել իրագործված, ուրեմն մենք ժողովրդի հետ միասին պետք է այդ հանձնառությունն իրագործենք: Եթե Հայաստանի ժողովուրդը չի տեսնում այդ հանձնառությունն իրագործելի, մի իքս պահի կարող է պարզվել, որ իմ քաղաքական առաքելությունը սպառված է: Հետևաբար ինձ համար դա չափազանց կարևոր ու սկզբունքային հարց է»,- ասաց նա:

Ըստ Փաշինյանի՝ այս հարցն իր համար քաղաքական առաքելություն է, և նա ակնկալում է, որ Հայաստանի ժողովուրդը կսատարի այդ քաղաքական առաքելությանը: «Եթե պարզվի, որ Հայաստանի ժողովուրդը չի սատարում այս առաքելությանը, ես իմ քաղաքական միսիան ՀՀ-ում կհամարեմ սպառված»,- նշեց նա:

  • Կիսվել: