հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սաակաշվիլիի նշանակման արձագանքը. Վրաստանը հետ է կանչել Ուկրաինայում իր դեսպանին

Սաակաշվիլիի նշանակման արձագանքը. Վրաստանը հետ է կանչել Ուկրաինայում իր դեսպանին

Վրաստանը հետ է կանչել Ուկրաինայում իր դեսպանին՝ խորհրդատվությունների նպատակով՝ կապված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նշանակման հետ: Լուրը հաստատել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին, գրում է aliq.ge-ն։

Միխեիլ Սաակաշվիլիի՝ Ուկրաինայի բարեփոխումների խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավարի պաշտոնում նշանակվեու լուրը հաստատվել է նախօրեին՝ ի հեճուկս Վրաստանի իշխանությունների, այդ թվում վարչապետի հայտարարությունների, թե անընդունելի է Սաակաշվիլիին Ուկրաինայում որևէ բարձր պաշտոնում նշանակելը:

Վրաստանի արտգործնախարարն ասել էր, թե ռազմավարական գործընկերոջ կողմից Վրաստանի դատական համակարգի կողմից փնտրվող ու դատապարտված անձի նմանօրինակ նշանակումը հարցեր է առաջացնում: Սա էլ դարձել է պատճառ, որ Վրաստանը հետ կանչի դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեին՝ խորհրդատվությունների համար:

Ըստ Զալկալիանիի՝ դա միջազգային պրակտիկայում ընդունված քայլ է, ներկա պահին դա ցույց է տալիս, որ երկու երկրների հարաբերություններում խնդիրներ են ծագել, սակայն այս փուլում դիվանագիտական հարաբերություններ խզման կամ ռազմավարական գործընկերության վերանայման մասին խոսք չի գնում: Դեսպանի հետ որոշվելու է հաջորդող գործողությունների ընթացքը, որպեսզի ստեղծված իրավիճակը բացասական չանդրադառնա երկկողմ հարաբերությունների վրա:

Ապրիլի վերջին հայտնի դարձավ, որ Սաակաշվիլիին Ուկրաինայի կառավարությունում պաշտոն է առաջարկվել: Վրաստանի իշխանությունների պատասխանը չուշացավ, նրանք սա որակեցին որպես ոչ գործընկերային քայլ ու վտանգ վրաց-ուկրաինական հարաբերություններում ու խոստացան համարժեք արձագանքել:

Սաակաշվիլին Վրաստանը ղեկավարել է 2004-2013 թթ-ին, ապա ընտրություններում իր կուսակցության պարտությունից հետո նա լքեց երկիրը, 2015-ին Ուկրաինայի նախկին նախագահ Պորոշենկոն նրան նշանակեց Օդեսայի նահանգապետի պաշտոնում ու Ուկրաինայի քաղաքացիություն շնորհեց, ինչի հետ կապված՝ Սաակաշվիլին ավտոմատ կորցրեց Վրաստանի քաղաքացիությունը:

Ներկայումս Սաակաշվիլին հեռակա դատապարտված է բանտային 2 պատժի՝ ընդհանուր առմամբ 6 տարի, իսկ դատարանում նրա նկատմամբ ևս մի քանի գործեր են քննվում:

  • Կիսվել: