չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ռուսաստանը պատրաստ է առավելագույն աջակցություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ձեռքբերմանը․ ՀՀ-ում ՌԴ Դեսպան

Ռուսաստանը պատրաստ է առավելագույն աջակցություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ձեռքբերմանը․ ՀՀ-ում ՌԴ Դեսպան

Ռուսաստանը պատրաստ է առավելագույն աջակցություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ձեռքբերմանը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Երևանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Ռուսական կողմը շատ ակտիվ, համառ, հետևողական աշխատել է և շարունակում է աշխատել այդ ուղղությամբ։ Դրա մասին են վկայում նաև մեր գործողությունները, ես չեմ էլ թվարկի դրանք, այն, ինչ արվել է ռուսական կողմի մասնակցությամբ, նախաձեռնությամբ այդ առումով։ Ցանկանում եմ ասել, որ Ռուսաստանը մնում է հաստատակամ, որպեսզի առավելագույն աջակցություն ցուցաբերի այդ գործընթացին, Հայաստանի և Ադրբեջանի միջև իսկապես կայուն, արդար խաղաղ կարգավորման ձեռքբերմանը», - ասել է Կոպիրկինը ։

Նա նշել է, որ Մոսկվան շահագրգռված է տարածաշրջանում կայուն խաղաղությամբ։ «Մենք աջակցում ենք հարաբերությունների կարգավորման գործընթացին, և Ռուսաստանը միշտ շատ ակտիվորեն ընդգծել է այդ ուղղությամբ աշխատելու իր պատրաստակամությունը բոլոր ասպեկտներով ՝ լինի դա խաղաղության պայմանագրի կնքում, լինի դա դելիմիտացիա, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի դեմարկացիա, լինի դա վստահության միջոցների զարգացում, ներառյալ շփումները քաղաքացիական հասարակության գծով, լինի դա հաղորդակցությունների բացում», - հայտարարել է Կոպիրկինը:

Նա հավելել է, որ համապատասխան եռակողմ կառույցներ ստեղծվել են, Ռուսաստանն ակտիվորեն մասնակցում է դրանց ։ «Կրկնում եմ ՝ Ռուսաստանը հաստատակամ է, որպեսզի հնարավորինս, պահանջված աջակցություն ցուցաբերի այդ գործընթացին։ Իհարկե, կողմերի որոշելիքն իրենց սուվերեն հարցն է։ Բայց, կրկնում եմ, Ռուսաստանը եղել է, մնում է և շարունակելու է հավատարիմ մնալ այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքին։ Մեզ համար այս հարցը կենսական նշանակություն ունի։ Հարավային Կովկասի տարածաշրջանը մեզ համար շատ կարևոր տարածաշրջան է, և մեր կենսական շահերից է բխում, որ տարածաշրջանը լինի խաղաղ, կայուն և բարգավաճ», - ընդգծել է Կոպիրկինը ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: