Ռուսաստանը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման առթիվ
Պակիստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը Իսլամաբադին հնարավորություն է տալիս ակտիվացնել փոխգործակցությունը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ. Ռուսաստանը դրա համար որևէ խոչընդոտ չի տեսնում։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է Պակիստանում Ռուսաստանի դեսպան Ալբերտ Խորևը։
Նա, մասնավորապես, նշել է. «Ուրախալի է նշել, որ Պակիստանի և Հայաստանի միջև վերջերս դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո մենք չենք տեսնում որևէ գործոն, որը կխոչընդոտի Պակիստանի ակտիվ փոխգործակցությանը ԵԱՏՄ-ի հետ, այդ թվում՝ ազատ առևտրի մասին համաձայնագրի հնարավոր ստորագրմանը»:
Ինչպես հաղորդվում է՝ Ռուսաստանի ԱԳՆ-ի՝ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը սեպտեմբերի 18-ին հայտարարել է, որ ԵԱՏՄ-ն Պակիստանը դիտարկում է որպես հետաքրքիր գործընկեր, և որ ազատ առևտրի գոտի ստեղծելու շուրջ երկխոսությունը կարող է սկսվել շուտով։ Ավելի վաղ Պակիստանի առևտրի փոխնախարար Նասիր Համիդը հայտարարել էր, որ Պակիստանը մտադիր է միանալ ԵԱՏՄ-ին և արդեն նախապատրաստական աշխատանքներ է ծավալում այդ ուղղությամբ։
Չինաստանում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում օգոստոսի 31-ին հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և նրա պակիստանցի գործընկեր Իսհակ Դարը։ Բանակցություններից հետո երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին հռչակագիր են ստորագրել։


