Ռուսաստանն աջակցում է Հայաստանի և Թուրքիայի արագ հաշտեցմանը. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը հետևողականորեն աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև արագ հաշտեցմանը և դա համարում է անհրաժեշտ նախապայման Հարավային Կովկասում երկարատև խաղաղություն և կայուն զարգացում ապահովելու համար: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա հիշեցրել է, որ հայ-թուրքական բանակցությունների առաջին փուլը կայացել էր 2022 թվականի հունվարի 14-ին Մոսկվայում՝ ընդգծելով Ռուսաստանի ակտիվ մասնակցությունը գործընթացին։
«Մենք պատրաստ ենք շարունակել աջակցել ջանքերին, այդ թվում՝ 3+3 ձևաչափով։ Հուսով ենք, որ Անկարայի և Երևանի միջև համաձայնագրեր մշակելիս հաշվի կառնվեն տեղում առկա իրողությունները և Հարավային Կովկասում մեր հարևանների շահերը», - նշել է նա։
Զախարովան նաև ընդգծել է, որ կարևոր է բացառել «ապակառուցողական միջամտությունը արտատարածաշրջանային խաղացողների» կողմից։


