Ռուսաստանում միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել են որպես սեփական ցավ եւ դժբախտություն. Զախարովա
Ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության հերթական տարելիցը։ Ռուսաստանում Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալվել է որպես սեփական ցավ եւ դժբախտություն։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Պատմական վկայությունների համաձայն՝ 1915թ. Ռուսական կայսերական բանակի կովկասյան բանակը Նիկոլայ II-ի հրամանով բացելով ռուս-թուրքական սահմանը՝ փրկել է ոչ պակաս, քան 350 հազար հայի»,- նշել է դիվանագետը։
Նրա խոսքով՝ Մոսկվան առաջիններից մեկն է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Նա նաեւ հիշեցրել է, որ 2015թ. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան կատարած այցի ընթացքում մասնակցել է Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը եւ անկեղծ սրտակցություն է հայտնել հայ ժողովրդին։
Զախարովան նաեւ նշել է, որ ապրիլի 24-ին ռուսական շատ քաղաքներում տեղի են ունենում հիշատակի միջոցառումներ։