ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ռուսաստանն անընդունելի է համարում ուժի կիրառումը. ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ

Ռուսաստանն անընդունելի է համարում ուժի կիրառումը. ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ

Ռուսաստանի Դաշնությունը մտահոգված է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին իրավիճակի կտրուկ սրմամբ։ Այս մասին Անվտանգության խորհրդի նիստում ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան

Նա նշել է, որ  Ռուսաստանն անընդունելի է համարում ուժի կիրառումը եւ ակնկալում է ՌԴ միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի բոլոր պայմանավորվածությունների կատարում։

՛՛Իրավիճակը կայունացնելու նպատակով Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունը սերտ կապի մեջ է Երեւանի եւ Բաքվի հետ։ Ակնկալում ենք, որ այս թեման նույնպես կհայտնվի սեպտեմբերի 15-16-ը Սամարղանդում կայանալիք ՇՀԿ գագաթաժողովի ուշադրության կենտրոնում։ Կոչ ենք անում Հայաստանին եւ Ադրբեջանին զերծ մնալ քայլերից, որոնք կարող են մեծացնել լարվածության աստիճանը, ինչպես նաեւ պահպանել Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները՛՛,-հավելել է Նեբենզյան:

Նա նաեւ ասել է, որ Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության (2021թ. հունվար) դրույթների մշակման ընթացքում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման համար, որն աշխատում է փաթեթների համաձայնեցման վրա՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկաթուղային եւ ճանապարհային կապի գործարկման շեշտադրմամբ՝ հարեւան երկրներ հնարավոր ելքով։

՛՛Մենք անընդունելի ենք համարում ուժի կիրառումը, ակնկալում ենք Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի բոլոր պայմանավորվածությունների կատարումը։ Կոչ ենք անում Ադրբեջանին և Հայաստանին զսպվածություն դրսևորել և զերծ մնալ լարվածության աստիճանը մեծացնող քայլերից, ինչպես նաև խստորեն պահպանել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները՛՛,-նել է ՌԴ ներկայացուցիչը։

Ռուսաստանը, ըստ Նեբենզյայի, ելնում է նրանից, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բոլոր տարաձայնությունները պետք է լուծվեն բանակցությունների միջոցով, իսկ սահմանային խնդիրները՝ սահմանների սահմանազատման հանձնաժողովների շրջանակներում՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ։ Նա ընդգծել է, որ այս բոլոր հարցերը պետք է լուծվեն առանց արտաքին միջամտության եւ առկա խնդիրների քաղաքականացման։ ՛՛Արդյունքների հասնելու համար կպահանջվեն ժամանակ եւ լուրջ ջանքեր ինչպես Բաքվի, այնպես էլ Երեւանի կողմից, ինչպես նաեւ միջազգային հանրության միասնություն։ Իսկ աշխարհաքաղաքական մրցակցությունն ու զրոյական գումարով խաղերը միայն կարող են վնասել գործընթացին՛՛,- ասել է նա՝ հավելելով, որ իրենց զինվորականները սերտ կապի մեջ են կողմերի հետ՝ կրակի կայուն դադարեցումն ապահովելու, ինչպես նաեւ հայ եւ ադրբեջանցի զինծառայողներին ելման դիրքեր վերադարձնելու նպատակով:

  • Կիսվել: