երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ռուսաստանի դերը Հայաստանի և Ադրբեջանի երկխոսության հարցում այլընտրանք չունի. Գալուզին

Ռուսաստանի դերը Հայաստանի և Ադրբեջանի երկխոսության հարցում այլընտրանք չունի. Գալուզին

Ռուսաստանի դերը Հայաստանի և Ադրբեջանի երկխոսության մեջ այլընտրանք չունի, մեծ և եզակի է։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը ՛՛Ռոսիա-24՛՛ հեռուստաալիքին տված հարցազրույցում։

՛՛Ռուսաստանի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում այլընտրանք չունի, այդ դերը մեծ է և եզակի. առաջին հերթին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դերը՛՛,-ասել է նա՝ հավելելով. ՛՛Մեր այսօրվա խնդիրն է օգնել մեր գործընկերներին՝ Հայաստանին և Ադրբեջանին, դուրս գալ հաշտեցման և խաղաղ փոխգործակցության կայուն հետագիծ, աջակցել Անդրկովկասում փոխըմբռնման, վստահության և համագործակցության մթնոլորտի ստեղծմանը, որպեսզի իրավիճակը տարածաշրջանում լինի կայուն:

Գալուզինի խոսքով՝ Ռուսաստանը խորհրդատվական ծառայություններ է առաջարկում Երևանին և Բաքվին հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման շրջանակներում, քանի որ միայն Մոսկվան ունի եզակի տեղագրական նյութեր:

՛՛Ինչ վերաբերում է խաղաղ գործընթացին, որը հանգեցնում է խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ապա այստեղ ՌԴ-ն ակտիվորեն շարունակում է օգնել հարցերի ամբողջ համալիրի քննարկմանը: Մենք միշտ պատրաստ ենք մեր հարթակ տրամադրել խաղաղության պայմանագրի շուրջ հայ-ադրբեջանական բանակցությունների համար։

Հուսով ենք, որ Երեւանում կգերիշխի այն ըմբռնումը, որ հենց եռակողմ պայմանավորվածությունների իրագործումն է հայ-ադրբեջանական կարգավորման ամենահուսալի ճանապարհը, այլ ոչ թե արտատարածաշրջանային տերությունների, խաղացողների, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի եւ Եվրամիության գործարկման ջանքերը, որոնց գործունեությունն ուղղված է ոչ թե հայ-ադրբեջանական կարգավորմանն աջակցելուն, այլ ՌԴ – ին այդ գործընթացից դուրս մղելուն, տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը խախտելուն եւ այդպիսով անկայունության եւս մեկ օջախ ստեղծելուն ռուսական սահմանների հարեւանությամբ՛՛, - հավելել Է նա:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: