հինգշաբթի, հուլիս 30
30 / 7 / 2026
«Ռուսական երկաթուղիները» մտադիր են պահպանել ՀՀ հետ երկաթուղու կոնցեսիոն պայմանագրով կնքված պայմանները. Բելոզերով

«Ռուսական երկաթուղիները» մտադիր են պահպանել ՀՀ հետ երկաթուղու կոնցեսիոն պայմանագրով կնքված պայմանները. Բելոզերով

«Ռուսական երկաթուղիները» հետևողականորեն և լիովին կատարում են իրենց պարտավորությունները Հայաստանում: Այս մասին հայտարարել է «Ռուսական երկաթուղիների» գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզերովը:

Նրա խոսքով՝ «Ռուսական երկաթուղիները» մտադիր են պահպանել ՀՀ հետ երկաթուղու կոնցեսիոն պայմանագրով կնքված պայմանները, և եթե պայմանները փոխվեն կամ դադարեցվեն, իրենք իրավունք ունեն ակնկալել իրենց ներդրումների վերադարձ։

««Ռուսական երկաթուղիները» զարմացած և շփոթված էին, երբ մամուլից տեղեկացան հայկական երկաթուղիների վրա վարձակալության վճարի հնարավոր կիրառման մասին։ Երբեք դիվիդենտներ չեն վճարել, ամբողջ շահույթն ուղղվել է երկաթուղու զարգացմանը»,-ասել է Բելոզերովը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ երկաթուղու հետ կապված քննարկում չի եղել, բայց դիրքորոշումը նույնն է, դա մեր սեփականությունն է, և ՀՀ-ն պետք է հնարավորություն ունենա երկաթուղին օգտագործել այնպես, ինչպես նպատակահարմար է գտնում։

«Ուզում ենք բարեկամական ձևով այս խնդիրը լուծել, բայց նաև կարող է հարց ծագել, որ մենք դե յուրե որոշում կայացնենք, թե անհամաձայնություն կա, հետո կգնանք Արբիտրաժում կքննարկենք»,-նշել էր նա:

  • Կիսվել: