հինգշաբթի, հոկտեմբեր 15
15 / 10 / 2026
 ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»

ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի՝ Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու արգելքի շուրջ հարցեր են առաջացել։

Նշենք, որ երեկ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լուսինե Բադալյանը հայտարարեց, որ պետք է մեկներ Սանկտ Պետերբուրգ՝ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի սոցիալական քաղաքականության և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նիստին մասնակցելու համար, սակայն ռուսական կողմն արգելել է իր մուտքը երկիր։

Բադալյանի փոխանցմամբ՝ իրեն հայտնել են, որ իր մուտքը Ռուսաստանի Դաշնություն արգելված է, սակայն չեն պարզաբանել դրա պատճառը։ Ստացվում է՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորին, որը մեկնում էր պաշտոնական միջոցառման մասնակցելու, սահմանին կանգնեցրել են՝ առանց իրեն, առնվազն հրապարակայնորեն, հասկանալի բացատրություն ներկայացնելու։

«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Բադալյանի արգելքը կապված է նրա հակառուսական հայտարարությունների հետ։ Իսկ ինչո՞վ է աչքի ընկել Լուսինե Բադալյանը Ռուսաստանի հետ կապված իր հայտարարություններով։

Բանն այն է, որ ՔՊ-ական պատգամավորը նախկինում հանդես է եկել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը Հայաստանում դադարեցնելու առաջարկով՝ պնդելով, որ դրանց բովանդակությունը հակահայկական է և սպառնում է Հայաստանի անվտանգությանը։ Բացի այդ, ռուսական լրատվամիջոցներն անդրադարձել են Բադալյանի՝ Ռուսաստանի կողմից հնչող հայտարարությունների վերաբերյալ քննադատություններին։

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը վերջերս անդրադարձել էր նաև սահմանային սանիտարական անվտանգությանը՝ նշելով, որ Հայաստանը պատրաստվում է Ռուսաստանից ժանտախտի հնարավոր տարածման բոլոր սցենարներին։

«Ժողովուրդ» օրաթերթը դիմել է նաև ԱԳ նախարարություն՝ պարզելու համար, թե որն է պատգամավորին ՌԴ մտնելու արգելքի պաշտոնական բացատրություն-պատճառը, կամ արդյոք ՌԴ-ից տեղեկացրել էին, որ Բադալյանը «սև» ցուցակում է, սակայն դեռևս որևէ պատասխան չենք ստացել»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: