կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՌԴ-ն մտադիր է կապվել Հայաստանի հետ և պարզաբանել ՀԱՊԿ-ում մասնակցությունը սառեցնելու մասին հայտարարությունների իմաստը․ Պեսկով

ՌԴ-ն մտադիր է կապվել Հայաստանի հետ և պարզաբանել ՀԱՊԿ-ում մասնակցությունը սառեցնելու մասին հայտարարությունների իմաստը․ Պեսկով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) Հայաստանի անդամակցությունը սառեցնելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերից հետո Ռուսաստանը պարզաբանման է սպասում հայկական կողմից։

Այս մասին «Զվեզդա» հեռուստաալիքի հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ 

Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ իրենք հայկական կողմից պաշտոնական դիմումներ չեն ստացել։

«Հայկական կողմը պաշտոնական գործողություններ չի ձեռնարկել այս առումով։ Ես նկատի ունեմ՝ կապվել մեր գործընկերների հետ և պարզաբանել այդ հայտարարությունների իմաստը», - ասել է Պեսկովը։

Նա ևս մեկ անգամ նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դեռևս չի քննարկել ՀԱՊԿ-ին Երևանի անդամակցությունը դադարեցնելու թեմայով: Եվ առայժմ նման շփումներ չեն նախատեսվում:

«Ոչ, Այս պահին որևէ շփում չկա և չի եղել ։ Բայց աշխատանքային շփումների շրջանակներում, իհարկե, մենք նկատի ունենք մեր հայ բարեկամներից պարզել, թե ինչ նկատի ունեն, և ինչպես են գործերը։ Այդ պատճառով մենք կշարունակենք մեր երկխոսությունը Երևանի հետ», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

France 24-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանը գործնականում սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին՝ մասնավորապես նշելով, որ ՀԱՊԿ-ը չի կատարել անվտանգային ոլորտի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: