շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՌԴ-ն կկատարի իր պարտավորությունները․ Կարտապոլովը՝ ՀՀ-ի սպառազինության վերականգնման մասին

ՌԴ-ն կկատարի իր պարտավորությունները․ Կարտապոլովը՝ ՀՀ-ի սպառազինության վերականգնման մասին

ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կարտապոլովը վստահ է, որ Ռուսաստանը կկատարի իր պարտավորությունները դաշնակցի առջև՝ 2020 թվականի պատերազմի ընթացքում Հայաստանի կրած սպառազինության կորուստները լրացնելու համար։

Այս մասին նա ասել է Sputnik Արմենիային տված հարցազրույցում։
 
«Ռուսաստանի Դաշնությունը միշտ կատարել է իր պարտավորությունները դաշնակիցների հանդեպ, կկատարի նաև սա։ Անկախ կողմնակի գործոններից»,-ասել է Կարտապոլովը։
 
Ինչ վերաբերում է Երևանում ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին, ապա Կարտապոլովը քննարկումներն օգտակար է համարում: Նրա խոսքով՝ առաջարկված նախաձեռնությունները ճիշտ ժամանակին են և համապատասխանում են այն մարտահրավերներին, որոնց առջև կանգնած է կազմակերպությունը իր պատմական զարգացման ներկայիս փուլում:
 
Կշարունակվի աշխատանքն ազգային օրենսդրությունների հետ, որպեսզի խաղաղապահ ստորաբաժանումներն անհրաժեշտության դեպքում գործեն ընդհանուր հունով և օրենքի տեսանկյունից պաշտպանված լինեն։
 
Պետդումայի կոմիտեի ղեկավարը պահանջված է համարում ՀԱՊԿ-ի շրջանակներում խաղաղապահ առաքելությունը:
 
«Այսօրվա դրությամբ այդ մասին վաղ է խոսել, միևնույն ժամանակ չի կարելի բացառել այն հնարավորությունը, որ նման անհրաժեշտություն կառաջանա հետկոնֆլիկտային փուլում, բայց այսօր այդ հարցը օրակարգում չկա»,-ասել է նա:
 
ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովը միջխորհրդարանական համագործակցության մարմին է։ 2016 թվականի նոյեմբերից ՀԱՊԿ ԽՎ նախագահի պաշտոնը զբաղեցնում է Ռուսաստանի Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը:
 
ՀԱՊԿ ԽՎ անդամներ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։ Դիտորդի կարգավիճակ ունեն Աֆղանստանի Իսլամական Հանրապետության Ազգային Ասամբլեայի ստորին պալատը, Բելառուսի և Ռուսաստանի Միության Խորհրդարանական ժողովը, Սերբիայի Ժողովրդական սկուպշչինան:
 
Հիշեցնենք, որ Երևանում ընթանում է ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը։

  • Կիսվել: