ՔՊ-ում կա մի կլան եւ դա Նիկոլ Փաշինյանի կլանն է. Վաղարշակ Հակոբյան
Ես չեմ կիսում այն տեսակետը, որ ինչ-որ բան որոշված է. որոշողը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատվիրակներն են և ես ցանկացած որոշման հետ կլինեմ հաշտ։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 20–ին, ՔՊ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը։
«Տեղի է ունեցել քարոզարշավ, բոլոր թեկնածուներն էլ արժանի են, բայց մրցակցությունն էլ է շատ, և սա նաև առողջ քաղաքական պրոցեսի ինչ-որ մի բաղադրիչ է։ Ես որևէ խնդիր չեմ տեսնում, կլինի, կտեսնենք։ Մթնոլորտը շատ դրական է, որևէ խնդիր չկա, մրցակցային է և այդ մրցակցության ֆոնին նաև մամուլի մեր գործընկերները շատ հաճախ թեժացնում են գործընթացը»,–ասաց նա։
հարցին՝ հնարավո՞ր է, որ ինքը մրցակցությունից դուրս մնա, պատգամավորը պատասխանեց. «Վարչության անդամի ընտրությունը որոշում են պատվիրակները և պատվիրակները ինչպես կորոշեն, դրա հետ ես հաշտ ու համերաշխ կլինեմ։ Կարևորը, որ ընտրությունները անցնեն բարձր մակարդակով և առանց ինչ-որ միջադեպերի»։
հարցին՝ բուռն վեճերն ինչո՞վ են պայմանավորված, նա պատասխանեց. «Բուռն վեճ չկա, կա մրցակցություն և առողջ մրցակցություն»։
Ինչ վերաբերում է ՔՊ–ում կլանների գոյությանը, որոնցից մեկի վառ ներկայացուցիչ է Խաչատուր Սուքիասյանը, ՔՊ–ական գործիչն ասաց. «Չկան կլաններ։ Պարոն Սուքիասյանը նախ ՔՊ կուսակցության անդամ չի և ձեր ձևակերպումը իրականությանը ոչ մի աղերս չունի։ Անկեղծորեն եմ ասում, և որևէ կլան չի կարող լինել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեջ, ՔՊ–ում կա մի կլան, եթե այդպես ձևակերպենք և դա Նիկոլ Փաշինյանի կլանն է»։


