երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
ՔՊ-ն հետաքրքրված է «Եդինայա Ռոսիա»-ի հետ համագործակցության ընդլայնմամբ. Արշակյան

ՔՊ-ն հետաքրքրված է «Եդինայա Ռոսիա»-ի հետ համագործակցության ընդլայնմամբ. Արշակյան

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 6-ին հանդիպեց ՌԴ սենատոր, «Եդինայա Ռոսիա» կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղարի տեղակալ, կուսակցության գլխավոր խորհրդի նախագահության միջազգային գործունեության հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կլիմովի հետ:

Հանդիպմանը մասնակցեց ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Ողջունելով հյուրին՝ ԱԺ փոխնախագահը բարձր գնահատեց Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական և դաշնակցային համագործակցության զարգացումը բոլոր ուղղություններով և կարևորեց խորհրդարանական փոխգործակցության խորացումը:

Հակոբ Արշակյանն անդրադարձավ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետևանքներին, որոնք մինչ օրս հաղթահարված չեն, Ադրբեջանը չի կատարում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները և չի վերադարձնում հայ ռազմագերիներին ու գերեվարված անձանց: ԱԺ նախագահի տեղակալը երախտագիտություն հայտնեց ռուսական կողմին՝ վերոնշյալ խնդիրների լուծման հարցում կանոնավոր օժանդակություն ցուցաբերելու համար:

Հակոբ Արշակյանը վստահեցրեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հետաքրքրված է «Եդինայա Ռոսիա» կուսակցության հետ երկարատև համագործակցության ընդլայնմամբ:

Անդրեյ Կլիմովը երկկողմ խորհրդարանական հարաբերությունների խորացման գործում կարևորեց բարեկամական խմբերի ակտիվ գործակցությունը: Հյուրն անդրադարձավ անվտանգության ապահովման խնդիրներին, աշխարհում տեղի ունեցող գլոբալ փոփոխությունների մարտահրավերներին, միջկուսակցական կապերի խթանման անհրաժեշտությանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: