ՔՊ-ն հավելյալ ջանքեր կգործադրի ՏԻՄ ընտրությունները մաքսիմալ ազատ և թափանցիկ անցկացնելու համար. Արսեն Թորոսյան
Սեպտեմբերի 25-ին 18 խոշորացված համայնքներում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, որոնց ակտիվ մասնակցություն է ունենալու նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: ՔՊ նախընտրական աշխատանքները համակարգելու է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՔՊ վարչության անդամ Արսեն Թորոսյանը:
«Արմեպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արսեն Թորոսյանը ներկայացրեց, թե ՔՊ-ն որ համայնքներում է պայքարելու, ինչ աշխատանքներ են տարվում և ինչպես է պատգամավորը գնահատում նախընտրականը ընդհանուր գործընթացը:
«Այս պահի դրությամբ օրենքով սահմանված ժամկետում տեղի է ունենում թեկնածուների համամասնական ցուցակների առաջադրումը, գրանցումը, փաստաթղթերի ճշգրտումը, գրանցումից հետո կանցկացվի վիճակահանություն՝ կտրվեն համարները, իսկ նախընտրական քարոզարշավը կսկսվի օգոստոսի 31-ից: Մեզ համար շատ կարևոր է մեր քաղաքացու քվեի արձանագրումը՝ անկախ նրանից, դա կստանանք մենք, թե մեր մյուս մրցակիցները: Այս առումով հավելյալ ջանքեր ենք գործադրում, որ պրոցեսը տեղի ունենա մաքսիմալ ազատ և թափանցիկ»,- ընդգծեց Թորոսյանը:
«Ներկայացրել ենք գրեթե բոլոր փաստաթղթերը, առաջին համարի թեկնածուների անունները, ավագանու ցանկերը: Ես համակարգում եմ այդ ամենը, բայց նաև աշխատանքներ են տարվում մեծ ներկայացուցչական կազմով Ազգային ժողովից, գործադիր մարմնից, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակից»,- հավելեց Թորոսյանը:
Պատգամավորը կարծում է, որ ՏԻՄ ընտրություններում քաղաքացիների ակտիվությունը կախված է տարբեր հանգամանքներից՝ սկսած նրանից, թե քանի՞ թեկնածու կա առաջադրված այս կամ այն համայնքում, քարոզարշավը ի՞նչ ընթացք է ունենալու և վերջացրած, թե ի՞նչ հռետորաբանություն է օգտագործվելու, ինչ հակադրություններ կան մրցակցող քաղաքական ուժերի միջև և այլն:
«Օրինակ, Սիսիան խոշորացված համայնքում, որը, ի դեպ, կրկին խոշորացվում է Գորայք համայնքի հետ, ունենք 7 քաղաքական ուժի առաջադրում: Դա ավտոմատ նշանակելու է շատ բարձր ակտիվություն, որովհետև բոլորը փորձելու են քվե ստանալ և ներգրավել մարդկանց: Ունենք նաև համայնք, որտեղ մեկ ուժ է ներկայացված, դա օրինակ Ջրվեժն է:
Իհարկե, պետք է ձգտենք հնարավորինս խրախուսել, խնդրել քաղաքացիներին, որ գան իրենց քվեն տան, որովհետև կարևոր է քաղաքացու քվեի արձանագրումը ընտրությունների լեգիտիմությունը ցույց տալու համար, բայց տարբերությունը ակնհայտ լինելու է»,- ասաց Թորոսյանը:
Պատգամավորը ընդգծեց` որպես քաղաքական հանձնառություն ՔՊ-ն շատ է կարևորում քաղաքական ուժերի լայն մասնակցությունը, որովհետև ինչքան շատ մարդ է մասնակցում ընտրություններին, այնքան ներկայացուցչական և լեգիտիմ են այդ ընտրությունները, հետևաբար՝ որևէ կասկած չի հարցում, որ ընտրված համայնքապետը իրոք ներկայացնում է այդ համայնքի ժողովրդին և նրա շահերը:
Խոսելով ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ծրագրի հիմնական շեշտադրումների մասին՝ Թորոսյանը հայտնեց, որ իշխող ուժը Կառավարության և Ազգային ժողովի մակարդակում ցույց է տվել, որ իրենց համար համայնքների զարգացումը ամենակարևոր առաջնահերթություններից է:
«Դրանով են նաև պայմանավորված Կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերը, երբ համայնքը և Կառավարությունը մասնակցում են ծրագրերի իրականացմանը՝ կլինի ասֆալտապատում, լուսավորություն, աղբահանություն, մանկապարտեզների վերանորոգում: Տեսնում եք, թե Կառավարության նիստերում ամեն անգամ ինչքան գումար է դրա համար բաշխվում: Դա մեր կարևոր ուղղություններից մեկն է: Համայնքների զարգացումը իրականացվում է նաև Կառավարության կողմից ուղիղ ծախսերով: Օրինակ՝ մեր կողմից հռչակած հարյուրավոր դպրոցների և մանկապարտեզների կառուցումը, վերանորոգումը և վերակառուցումը ևս համայնքներին է վերաբերվում: Հիմա մեր թեկնածուները ամեն համայնքին բնորոշ խնդիրները լուծելու հանձնառություն են վերցնում՝ օգտագործելով կենտրոնական հանձնառությունը և դրան անվերապահորեն աջակցելու պատրաստակամություն հայտնելով: Իհարկե, շատ համայնքներում բավականին մեծ առաջընթաց ենք գրանցել և դա ակնառու է, երբ 20-30 տարի չլուծված հարցերը լուծվում են, բայց, իհարկե, կան խնդիրներ, որոնք պետք է վերացնել: Ընտրողներին, կարծես, սիմբիոզի առաջարկ ենք նաև անում, որ համայնք-կենտրոնական իշխանություն աշխատանքը շատ ավելի լավ արդյունքներ կտա, քան եթե դրանք իրարից անջատ աշխատեն»,- եզրափակեց Թորոսյանը: