հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց

Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացող ՀՀ երկրորդ նախագահի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց մինչև սեպտեմբերի 8-ը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստը նախագահում էր դատավոր Աննա Դանիբեկյանը:

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը չէր կարողացել ներկայանալ դատական նիստին, ինչից ելնելով այն հետաձգվեց։

Պողոսյանը դատարանին գրավոր դիմում էր ներկայացրել առ այն, որ հանկարծակի առաջացած խնդիրների պատճառով չի կարող ներկա լինել այսօրվա դատական նիստին։

Միհրան Պողոսյանը պատրաստվում էր բացարկի միջնորդություն ներկայացնել նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին։

Դատախազ Գևորգ Բաղդասարյանը նիստի ժամանակ խնդրեց անհարկի ճանաչել պաշտպանի բացակայությունը, քանի որ իր գնահատմամբ սա ընդհամենը պատրվակ է նիստերը ձգձգելու համար։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը նկատեց, որ ճիշտ կլինի Միհրան Պողոսյանի բացակայության պատճառները ներկայացնի հենց ինքը, և դրանց հետ կապված քննարկումը տեղի ունենա նրա ներկայությամբ։

Փաստաբան Վարդգես Գևորգյանը դադարեցրել է նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպանի լիազորությունները, իսկ մյուս պաշտպանը՝ Էրիկ Ալեքսանյանն օգոստոսի 12-ից մինչև սեպտեմբերի 1-ը ներառյալ լինելու է ամենամյա արձակուրդում։

Հաշվի առնելով Միհրան Պողոսյանի բացակայությունը և Էրիկ Ալեքսանյանի արձակուրդ մեկնելու հանգամանքը` դատարանը նիստը հետաձգեց մինչև սեպտեմբերի 8-ը, ժամը 13։00-ն։

  • Կիսվել: