ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Քննչական կոմիտեն մատը մատին չի տալիս․ Ավիացիայի կոմիտեում խախտումների փաստով մեղադրյալներ չկան, գործը ընթացք չի ստացել

Քննչական կոմիտեն մատը մատին չի տալիս․ Ավիացիայի կոմիտեում խախտումների փաստով մեղադրյալներ չկան, գործը ընթացք չի ստացել

Հայաստանի քննչական կոմիտեն դեռ շարունակում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում խախտումների փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը և որևէ զարգացումներ չկան, InfoPort.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՔԿ լրատվական ծառայությունից։

«ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում հայտնաբերված ենթադրյալ խախտումների առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ի մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը այս տարվա փետրվարի 1-ից իրականացվում է ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում», - նշել են մեզ ուղղված պատասխանում։

Նաև հավելել են՝ քրեկական գործի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ:

ՀՀ Քրեական օրենսգրքի 314 հդվածի 1-ին մասը վերաբերում է պաշտոնեական կեղծիք կատարելուն․

«Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը»։

Մեր հարցին՝ արդյոք արդեն երկու ամիս իրականացվող նախաքննության ընթացքում մեղադրյալներ ներգրավե՞լ են, թե՞ ոչ, ՔԿ-ից պատասխանել են․

«Դեռևս մեղադրյալներ չկան»։

ՀՀ Քաղաքացիական ավիացիայում կատարված խախտումների մասին InfoPort.am-ը ավելի վաղ հայտնել էր՝ տեղեկացնելով, որ քրեական գործը հարուցվել էր Պետական վերահսկողական ծառայության կատարած ստուգումների հիման վրա և դրանք անմիջականորեն կապված էին «Տարոն Ավիա» ավիաընկերության հետ։

Վերջինի ներկայացուցիչների հետ InfoPort.am-ին չհաջողվեց կապ հաստատել․ փոխանցեցին, որ գրասենյակը չի աշխատում, իսկ տնօրեն Գառնիկ Պապիկյանը Հայաստանում չէ։

Քրեական գործի մանրամասների մասին ավելի վաղ հաղորդել էր Գլխավոր դատախազությունը՝ տեղեկացնելով, որ Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության աուդիտորները հայտնաբերել են 15 խախտումներ, որոնցից 5-ը, համաձայն միջազգային թռիչքային կանոնների, ուղիղ վտանգ է ներկայացրել թռիչքային անվտանգության համար։

Այս արդյունքները դեռևս 2019 թվականի հուլիսի 15-ին պաշտոնական գրությամբ ուղարկվել են ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի էլեկտրոնային փոստին, սակայն կոմիտեի համապատասխան աշխատակիցները, խախտելով ներքին գործավարության կարգով սահմանված պահանջները, այն չեն մուտքագրել «Mulberry» էլեկտրոնային համակարգ, դրանց համապատասխան ընթացք չեն տվել: Իսկ կոմիտեի նախագահին զեկուցվել է, որ աուդիտի մասով առանձնահատուկ խնդիրներ առկա չեն եղել։

Արդյունքում միջազգային կազմակերպությունում կասկածի տակ է դրվել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հեղինակությունը, մասնավորապես՝ կոմիտեի կողմից իր գործառույթների պատշաճ կատարման հանգամանքը, վտանգ է ստեղծվել, որ առհասարակ արգելվեն ՀՀ-ում գրանցված օդանավերի թռիչքները ԵՄ տարածքում։ Բացի այդ, պարզվել է, որ «Տարոն Ավիա» ավիաընկերությունը երկար ժամանակ իրականացրել է իր գործունեությունը՝ թռիչքային անվտանգության վրա ուղղակի ազդեցություն ունեցող խախտումներով։

Այսինքն ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից 2016-2019թթ.-ին պաշտոնական փաստաթղթերում՝ տեսչական ստուգումների վերաբերյալ փաստաթղթերում, համապատասխան ստուգաթերթերում իրականությանը չհամապատախանող, ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ են մտցվել, կեղծ փաստաթղթեր կազմվել։

Այդ մասին երեկ իր ուղիղ եթերում խոսեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով հարուցված քրեական գործի հանգամանքը․

«Այդ պրոբլեմներով մենք սկսել ենք զբաղվել մի քանի ամիս առաջ, որովհետև էդ պետական համակարգի որոշ պաշտոնյաների սաբոտաժի արդյունքում եղել են պաշտոնանկություններ, քրեական գործ է հարուցված. այնպես որ շահարկողները իզուր են շահարկում, որովհետև դա իրենց գործունեությանն է վերաբերում»։

  • Կիսվել: