ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Քննարկվել են ՊԵԿ-ի նախաձեռնած՝ հարկային օրենսդրության կատարելագործմանն ուղղված փոփոխությունների նախագծեր

Քննարկվել են ՊԵԿ-ի նախաձեռնած՝ հարկային օրենսդրության կատարելագործմանն ուղղված փոփոխությունների նախագծեր

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի նախագահությամբ տեղի է ունեցել Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը: Մասնակցել են ՊԵԿ նախագահի տեղակալները և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, մասնագետները, խորհրդի կազմում ընդգրկված, ինչպես նաև հրավիրված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

ՊԵԿ նախագահը կարևորել է հասարակական կազմակերպությունների ակտիվ մասնակցությունը քննարկումներին՝ նպաստելով ՊԵԿ-հանրություն արդյունավետ երկխոսության ապահովմանը:

Օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են կոմիտեի նախաձեռնած՝ հարկային օրենսդրության մի շարք փոփոխություններին։ Մասնավորապես, ներկայացվել են Հարկային օրենսգրքում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին մի շարք նախագծեր: Անդրադարձ է կատարվել հարկային պլանավորման մեթոդների չարաշահումների իրավակարգավորումներին: Նախատեսվող փոփոխություններով առաջարկվում է նաև հստակեցնել անհուսալի ճանաչված պարտավորությունների դադարեցման հիմքերը, չափագրման հետ կապված գործընթացները: Դիտարկվել են նաև շրջանառության հարկի փաստաթղթավորման հետ կապված կարգավորումները, այդ թվում՝ շրջանառության հարկ վճարողների մոտ ապրանքների ձեռք բերման գործարքների փաստաթղթավորման ճշտության ստուգումներին վերաբերող հարցերը: Իսկ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է պետական բյուջե վճարվող հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները սահմանված ժամկետում չվճարելու համար վարչական պատասխանատվություն չկիրառել, ինչպես նաև կարգավորել ընդհանուր վարութային հարցեր:

Հասարակական խորհրդի անդամներին ներկայացվել են նաև 2022 թ․ ապրանքների մատակարարման կամ տեղափոխության գործարքների փաստաթղթավորման պարտադիր պահանջների խախտման համար նախատեսված տուգանքների մասով կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքները:  Մասնավորապես,  ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից 2022 թ. հունվարի 1-ից 2023 թ. փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում ձեռնարկվել է օպերատիվ-հետախուզական 1117 միջոցառում։ Արդյունքում՝ 934 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան ուղեկցող փաստաթղթերի, ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտմամբ ապրանքների մատակարարումներ կամ տեղափոխություններ:  Անփաստաթուղթ ապրանքների արժեքը կազմել է շուրջ 858 միլիոն դրամ: Տուգանքի գումարը կազմել է շուրջ 631 միլիոն դրամ: Իսկ 183 դեպքով խախտումներ չեն արձանագրվել:  

ՀՀ հարկային օրենսգրքի 410-րդ հոդվածի փոփոխությունից հետո, որով խստացվել է առանց փաստաթղթավորման ապրանքները տեղափոխելու կամ մատակարարելու պատասխանատվության չափը, 2022 թ. մայիսի 14-ից 2023 թ. փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 509 դեպքով արձանագրվել  է շուրջ 700 միլիոն դրամի խախտում,  տուգանքի գումարը կազմել է շուրջ 400 մլն դրամ: 127 դեպքով խախտումներ չեն հայտնաբերվել: Խորհրդի անդամները վստահություն են հայտնել, որ օրենսդրական խստացումը զսպող գործոն կարող է դառնալ իրավախախտումների դեմ պայքարում:

ՊԵԿ նախագահը կարևորել է տնտեսվարողների հարկային կարգապահության ամրապնդման գործում հասարակության յուրաքանչյուր անդամի դերակատարումը:

Ի դեպ, հարկ վճարողների թույլ տված խախտումների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը կոմիտեն պարբերաբար հրապարակում է ՊԵԿ պաշտոնական կայքում:

Խորհրդի անդամներն ակտիվ քննարկումներ են ծավալել ներկայացված հարցերի շուրջ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հանդես են եկել կառուցողական առաջարկներով։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել օրեսնդրական փոփոխությունների վերաբերյալ ներկայացված դիտարկումների շուրջ քննարկումները շարունակել նաև աշխատանքային ձևաչափով և համատեղ մշակել բարձրացված հարցերի առավել արդյունավետ լուծումները:

  • Կիսվել: