Քննարկվել են հայ-ուրուգվայական հարաբերությունների զարգացման հեռանկարները
Հայաստան-Արգենտինա, Հայաստան-Ուրուգվայ բարեկամական խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանը, բարեկամական խմբի անդամներ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Տաթեւիկ Գասպարյանը, Սերգեյ Բագրատյանը եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը հոկտեմբերի 24-ին հանդիպել են Հայաստանում Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինին:
Բարեկամական խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանը շնորհավորել է Սիլվանա Լեսկա Բարոլինին դեսպան նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք: Նա համոզմունք է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի հետ հարաբերությունների առավել զարգացմանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ ջերմ խոսքերի համար՝ նորանշանակ դեսպանը նշել է, որ իր առաքելության ընթացքում ջանք չի խնայելու հայ-ուրուգվայական հարաբերություններն ու քաղաքական երկխոսությունը զարգացնելու հարցում: Նրա խոսքով երկու երկրների հարաբերություններում կարեւոր դերակատարություն ունի հայ համայնքը: Դեսպանը տեղեկացրել է, որ Ուրուգվայի խորհրդարանում նոր ձեւավորված Ուրուգվայ-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբում ընդգրկվել են ազգությամբ հայ ներկայացուցիչներ:
Իշխան Սաղաթելյանը խոսել է ՀՀ ներքին եւ արտաքին մարտահրավերների մասին:
Էլինար Վարդանյանը խոսել է Ադրբեջանում գտնվող անձանց, նրանց նկատմամբ իրականացվող անօրինական, կեղծ դատավարությունների մասին: Այս հարցում պատգամավորը կարեւորել է միջազգային գործընկերների աջակցությունը:
Երկուստեք ընդգծվել է միջխորհրդարանական բարեկամական խմբերի ակտիվ համագործակցության, փոխադարձ այցերի անհրաժեշտությունը: Կողմերն արձանագրել են, որ երկկողմ հարաբերություններում դեռեւս առկա է չիրացված մեծ ներուժ` նշելով, որ այդ ուղղությամբ պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկվեն:


