հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Քանի դեռ խաղաղության պայմանագիր չի ստորագրվել, կայունություն չի լինի. Ալիև

Քանի դեռ խաղաղության պայմանագիր չի ստորագրվել, կայունություն չի լինի. Ալիև

Ադրբեջանի նախագահը Euronews-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ այժմ ամբողջ աշխարհը գտնվում է նոր կանոնների մշակման փուլում, հին աշխարհակարգն այլևս չի գործում:
 
«Ակնհայտ է, որ յուրաքանչյուր երկիր պետք է ավելի շատ կենտրոնանա իր հնարավորությունների վրա, չվստահի արտաքին աջակցությանը կամ նույնիսկ միջազգային իրավունքին: Զարգացնի երկկողմ հարաբերությունները, այլ ոչ միջազգային կառույցներում գործունեությունը»,- ասել է Իլհամ Ալիևը:
 
Նա նաև համոզմունք է հայտնել՝ հարկավոր է պաշտպանել Հարավային կովկասի տարածաշրջանը, որը տասնամյակներով եղել է առճակատման և թշնամանքի հարթակ:
 
«Հարկավոր է ստեղծել անվտանգության համապարփակ մեխանիզմներ՝ բացառելու ռազմական նոր առճակատման ցանկացած սպառնալիք և կառուցելու բարիդրացիական հարաբերություններ, ինչպես սովոր էինք Խորհրդային Միության ժամանակ»,- ընդգծել է Ադրբեջանի նախագահը։
 
Իլհամ Ալիևը հավելել է՝ պատերազմն ավարտվում է միայն այն ժամանակ, երբ խաղաղության պայմանագիր է կնքվում։
 
«Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չունենք: Այո՛, հանգիստ ժամանակաշրջանում ենք ապրում, զոհեր այլևս չկան։ Բայց քանի դեռ փաստաթուղթը չի ստորագրվել, կայունություն չի լինի»,- կարծիք է հայտնել Ադրբեջանի նախագահը։
 
Նա խոսել է Բաքու-Վաշինգտոն հարաբերություններից, նշել՝ ադրբեջանական կողմը հիասթափված էր, որ ԱՄՆ նախկին վարչակազմի և Բաքվի հարաբերությունները վատթարացել էին:
 
«Մեր ազգային շահերի նկատմամբ անարդարացի մոտեցում կար: Մեծ խանդավառությամբ ենք վերաբերվում Թրամփի վարչակազմի օրոք Միացյալ Նահանգների հետ ամուր գործընկերության վերականգնմանը»,- ասել է Ալիևը:

  • Կիսվել: