Քանի դեռ արտաքին քաղաքական վարկածը չի ստուգվել, «հոկտեմբերի 27»-ը բացահայտված համարել չի կարելի. Արամ Սարգսյան
Իհարկե, հոկտեմբերի 27–ը բացահայտված չի, ես բազմաթիվ անգամներ ասել եմ՝ քանի դեռ արտաքին քաղաքական վարկածը, որ բազմաթիվ առումներով հնչեցվել է, չի ստուգվել, չի ճշտվել, այն բացահայտված համարել հնարավոր չի։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27–ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ, սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը։
Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը մշտապես հայտարարել է, որ հոկտեմբերի 27–ը կբացահայտվի, եթե իշխանափոխություն լինի, 7 տարի իրենք իշխանության են, բայց փաստացի հոկտեմբերի 27-ը բացահայտված չէ, ո՞վ է դրան խանգրում, Արամ Սարգսյանն ասաց. «Արտաքին քաղաքականության հետ կապված վարկածը, կապված Մեղրիի տարբերակի հետ, ստուգված չէ։ Ինչ վերաբերվում է ներքին վարկածին, որովհետև արտաքին քաղաքական ուժերը ինչքան էլ հզոր լինեն, եթե ներքին աջակիցներ չունենան, նման օպերացիա, էն էլ Ազգային ժողովի շենքում իրականացնել չեն կարող, այդ միանշանակ է։ Այդ առումով էլ ես երեք անգամ հարցաքննվել եմ, բավականին երկար հոգնեցնող հարցաքննություն էր։ Վերջին անգամ երկու ամիս առաջ եմ գնացել հանրցաքննության։ Գնացել եմ կեսօրվա ժամը 2:00-ին և քննչականից դուրս եմ եկել երեկոյան ժամը 8:00-ին։ Ճիշտ է, երկու ժամ լույսերը գնացել էին քնչականում ու դրա համար եմ սպասել»,–ասաց նա։


