կիրակի, հուլիս 5
5 / 7 / 2026
Քաղաքական պատվերի մասին դիտարկումները սխալ են. ՀԾԿՀ նախագահը՝ ՀԷՑ–ին լիցենզիայից զրկելու որոշման մասին

Քաղաքական պատվերի մասին դիտարկումները սխալ են. ՀԾԿՀ նախագահը՝ ՀԷՑ–ին լիցենզիայից զրկելու որոշման մասին

Ոլորտում քաոս սկսվելը ինչո՞վ պետք է պայմանավորված լինի, նախ դա պետք է հասկանանք. եթե տեխնիկական խնդիրներ պետք է առաջանան, ապա այդ ռիսկերը ես կառավարելի եմ համարում։ Այս մասին, ՀԾԿ հանձնաժողովի նիստից հետո, որում որոշվեց ՀԷՑ–ին զրկել լիցենզիայից, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը՝ անդրադառնալով հարցին, թե մտավախություն չունի՞, որ հետագայում կարող է իրավական պատասխանատվության ենթարկվել ՀԾԿՀ–ի այս որոշման համար, և արդյոք ՀԷՑ–ին լիցենզիայից զրկելը լուրջ ռիսկեր չի բերում։

«Այս 4 ամիսներին, ճիշտ է, դեռ ՀԷՑ–ը գործում էր իր նախկին լիցենզիայի ուժով, բայց կառավարիչի ինստիտուտը ներդրված էր և այս չորս ամիսների ընթացքում որևէ մեկը չի կարող ֆիքսել կամ ապացուցել, որ այդ տեսեք, նոր կառավարիչի նշանակմամբ ՀԷՑ–ը ավելի վատ վիճակում հայտնվեց, մատակարարման կամ սպասարկման որակը ավելի է վատացել։ Բայց քավ լիցի, աչքով չտանք, պետք է շարունակենք այդ տեմպը պահել և ավելի լավացնել։

Իսկ քրեական պատասխանատվության ենթարկվել, չենթարկվելու վերաբերյալ ես հետևյալը ընդամենը կարող եմ ասել, որ առաջին օրվանից լրագրողները ինձ նմանատիպ հարցեր ուղղում են, և ես միանշանակ ասել եմ, որ առաջին հերթին ես գործել եմ իմ խղճի ներքո և իմ համոզմունքներից ելնելով։

Եթե ես չտեսնեի, որ կան օբյեկտիվ և սուր խնդիրներ այդ համակարգում, բնականաբար ինքնանպատակ որևէ քայլի չէի գնա։ Հաճախ տարբեր կողմեր և լրագրողների ինձ մեղադրում են քաղաքական պատվեր կատարելու մեջ։ Ես իմ կենսագրության տարբեր փուլերում կարողացել եմ սկզբունքայինություն դրսեւորել և ոչ միշտ է, որ իմ սկզբունքայնությունը համընկել է այդ օրվա իշխանության վեկտորի ուղղության հետ։ հետևաբար, ես երբեք կաշկանդված չեմ եղել իմ տեսակետը առաջ տանելու այնպես, ինչպես ես եմ մտածում։

ՀԷՑ–ի դեպքում այդ նույն տրամաբանությամբ եմ գործել և տեսել եմ այնտեղ խնդիրներ, հետևաբար այդ խնդիրներից ելնելով է եղել իմ գործունեությունը»,–ասաց նա։

Նա հերքեց պնդումները, թե ՀԾԿՀ-ի անկախության աստիճանը նվազեցվել է էներգետիկայի մասին նոր օրենքի փոփոխությամբ. ««Դա իրապես այդպես չէ, որովհետև օրենքով ինձ տրվել է վարույթ հարուցելու իրավասություն, բայց ինչպես տեսաք, կոլեգիալ մարմինը շարունակում է գործել և այսօրվա նիստը ամփոփվեց կոլեգիալության սկզբունքով, որովհետև այսօր այս որոշումը չէինք ունենա, եթե չքվեարկեին հանձնաժողովի մնացած անդամները։ Անգամ դուք ականատես եղաք, որ հանձնաժողովի մեկ անդամ դեմ քվեարկեց իր համապատասխան դիրքորոշմամբ, հետևաբար խոսել ժողովրդավարության անկման, հանձնաժողովի անկախության աստիճանի նվազեցման,  քաղաքական պատվերներ կատարելու մասին, դա առնվազն ես համարում եմ սխալ դիտարկում»,– ընդգծեց Մեսրոպ Մեսրոպյանը։

Նշենք, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) իր այսօրվա՝ նոյեմբերի 17–ի, նիստում որոշում կայացրեց չեղյալ հայտարարել ՀԷՑ–ի՝ «Տաշիր կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան։ Որոշմանը կողմ է քվեարկել ՀԾԿՀ 4 անդամ, դեմ՝ մեկը։ Դեմ քվեարկողը ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ նախկին անդամ Արա Նռանյանն է։

  • Կիսվել: