կիրակի, հունիս 14
14 / 6 / 2026
Քաղաքացիները խաղաղությունն ավելի շատ են զգում, քան մենք, նույնիսկ, սպասում էինք. վարչապետ

Քաղաքացիները խաղաղությունն ավելի շատ են զգում, քան մենք, նույնիսկ, սպասում էինք. վարչապետ

Թիմով ճամփորդելիս արձանագրում արեցինք, որ խաղաղությունը քաղաքացին առաջին հերթին զգում է հոգեբանորեն և հոգեպես, որովհետև մի ձևի հանդարտություն կա հանրապետությունում: Այն նյարդը, այն լարվածությունը, այն լիցքը, որը մենք միշտ զգացել էինք, ներկայում չկա, մենք հանդարտություն ենք զգում: Կարծում եմ, որ քաղաքացիները նաև ինտուիտիվ հասկանում են դա:  Այդ մասին Ազգային ժողովի՝ ապրիլի 16-ի նիստին՝ Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցի շրջանակում, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանի հարցին, թե  առաջիկա ընտրություններին ՀՀ քաղաքացին հակված կլինի՞ ընտրակաշառքով ընտրության գնալու:

Վարչապետը կարծիք հայտնեց, թե առողջության ապահովագրության համակարգը, կենսաթոշակների ավելացումն անուղղակիորեն կապված են խաղաղության հետ, որովհետև եթե խաղաղության նկատմամբ չկա վստահություն, և Կառավարությունը սպասում է էսկալացիոն նոր զարգացումների, դժվար կլինի այդքան շատ միջոցներ միանգամից ուղղել սոցիալական ուղղություններով: Ըստ նրա՝ խաղաղությունն է բերել տնտեսական աճ, զբոսաշրջիկների թվի աճ, ինչպես նաև բյուջեի աճ:

«Երբ մտածում ենք՝ բա էս բյուջետային եկամուտների հնարավորությունը ո՞նց օգտագործենք էսկալացիայի պայմաններում, ամենայն հարգանքով, բայց սոցիալական և էսկալացիոն ռիսկի լարվածության պայմաններում առաջին միտքը այն չէ, որ այս ծախսը պետք է ուղղել սոցիալական ուղղություններով, մտածում ես, որ էսկալացիայից բխող ծախսեր է պետք անել կամ պահել… Բայց երբ գիտես, որ էսկալացիա չի լինելու, երբ խաղաղությունը հաստատված է, շատ հանգիստ այդ գումարներն ուղղում ես սոցիալական ծախսերի համար»,- ասաց նա՝ միաժամանակ կարծիք հայտնելով, թե խաղաղությունը ՀՀ քաղաքացիներն ավելի շատ են զգում, քան իրենք սպասում էին:

Ինչ վերաբերում է ընտրակաշառքին, ապա, ըստ Նիկոլ Փաշինյանի, 2018 թվականից հետո ընտրակաշառքի ինստիտուտը Հայաստանում չի աշխատել և չի աշխատելու. «Ինչի՞, ձեզ թվում է 2021-ին ընտրակաշառք չի բաժանվե՞լ. քրեական գործեր են հարուցվել, մարդիկ են դատվել-դատապարտվել, այդ թվում՝ խորհրդարան անցած ընդդիմության ներկայացուցիչներից: Չկա՛, այդ դարաշրջանը անցել է վաղուց»:

  • Կիսվել: