Պուտինն ասաց, որ բոլորը փորձում էին հասնել դրան, բայց չկարողացան. ես արեցի դա. Թրամփը՝ ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ասիա ուղևորվելիս նախագահական ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրառնալով Ուկրաինայում պատերազմին:
Նա նշել է, որ պետք է վստահ լինի այն բանում, որ գործարքը կկնքվի։
«Ես չեմ պատրաստվում իմ ժամանակն իզուր վատնել։ Ես միշտ հիանալի հարաբերություններ եմ ունեցել Վլադիմիր Պուտինի հետ, բայց դա շատ է հիասթափեցնում։ Ես մտածում էի, որ դա տեղի կունենա Մերձավոր Արեւելքում խաղաղության հաստատումից շատ առաջ»,-ասել է Թրամփը։
Նա հիշել է նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախաստորագրման մասին, որը տեղի է ունեցել իր միջնորդությամբ։ «Ես նկատի ունեմ այն, որ մենք ունենք Ադրբեջան եւ Հայաստան։ Դա շատ ծանր էր։ Իրականում Պուտինն ինձ ասել է այդ մասին հեռախոսով։ Նա ասել է․ «Աստված իմ, դա ցնցող էր, որովհետեւ բոլորը փորձում էին հասնել դրան, բայց չկարողացան»։ Ես արեցի դա»,-նշել է Թրամփը:


