ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Պուտինի` նոր ժամկետով առաջադրումը դրական ազդակ է ՀՀ-ՌԴ համագործակցության համար. Կարապետյան

Պուտինի` նոր ժամկետով առաջադրումը դրական ազդակ է ՀՀ-ՌԴ համագործակցության համար. Կարապետյան

ՌԴ նախագահի` նոր ժամկետով առաջադրվելու մասին հայտարարությունը միանշանակ ընկալվում է որպես դրական ազդակ և որպես երկկողմ տնտեսական հարաբերությունների հետագա ամրապնդման կուրսի շարունակման երաշխիք: Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ–ում հայ գործարարների ասոցիացիայի նախագահ և համահիմնադիր Սամվել Կարապետյանը:

Կարապետյանն այս համատեքստում նշել է, որ ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում ռուս–հայկական հարաբերությունները կարիք ունեն գործընկերության և համագործակցության սկզբունքների վրա հիմնված կայուն երկկողմ փոխգործակցության երաշխիքների։

«Երկու երկրների պատմությունն ամրապնդվում է տնտեսության բազմաթիվ ոլորտներում համատեղ ձեռքբերումներով»,– ընդգծել է Կարապետյանը։

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2022 թ–ին կրկնապատկվել է։ Բացի այդ, Ռուսաստանը ՀՀ–ի համար գլխավոր արտաքին առևտրային գործընկերն է և դեպի Հայաստան կապիտալի ներհոսքի առաջատարը։

Կարապետյանը նշել է, որ Հայաստանն իր հերթին շարունակում է ավելացնել դեպի ՌԴ արտահանման ծավալը, որը նախորդ տարվա արդյունքներով քառապատկվել է։

«Երկրների տնտեսությունների հարմարեցումը գլոբալ իրադարձություններին հիմնականում տեղի է ունենում մասնավոր բիզնեսի հաշվին։ Ռուս–հայկական գործարար համագործակցությունն անցած տարիների ընթացքում ամրության թեստ է անցել, այդ թվում՝ ներդրումային անվտանգության հարցում։ Ռուսական բիզնեսի մասնաբաժինը ՀՀ տնտեսության մեջ զգալի է, ՌԴ–ում հայկական ընկերություններն ամուր գրավում են շուկաների մեծ մասը` արտադրության, շինարարության, առևտրի և այլ ոլորտներում»,– նշել է Կարապետյանը։

Այս արդյունքներն, ըստ նրա` հնարավոր են դարձել երկու երկրների ղեկավարների գործարար սերտ համագործակցության, տնտեսական գործընկերության ընդլայնման, երկկողմ փոխհարաբերությունների հետագա զարգացման կամքի և ձգտման շնորհիվ:

Կարապետյանը հատուկ ընդգծել է, որ տնտեսության, մշակույթի, երկու երկրների ժողովուրդների միջև բարիդրացիական հարաբերությունների պահպանման ոլորտներում ինտեգրացիոն գործընթացներն ավելի քան 20 տարի նշվել են որպես ՌԴ ղեկավարների առաջնահերթություն։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: