երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Փոխվարչապետն անդրադարձել է սահմանազատման գործընթացին

Փոխվարչապետն անդրադարձել է սահմանազատման գործընթացին

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացակական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն հետաքրքրվեց, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և անվտանգային հարցերի հանձնաժողովի վերջին նիստը տեղի է ունեցել տարեսկզբին, իսկ դրանից հետո՝ հատկապես օգոստոսի 8-ի համաձայնագրի ստորագրումից հետո  շփումներ եղե՞լ են կողմերի միջև:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պատասխանեց. «Կոնտակտներ կան, գործընկերոջս հետ պարբերաբար աշխատանքային շփումներ կան: Վերջին հանդիպումը, որ տեղի է ունեցել, մենք այցելեցինք հարավ և Ադրբեջանի տարածք, բայց դա հիմնականում կապ ուներ TRIPP-ի հետ կապված սահմանազատման հնարավոր ֆրագմենտների և գործընթացի հետ, որն ուղղակիորեն կապ կունենա ենթակառուցվածքների լոկացիայի հետ: Բայց նաև առանձին աշխատանքային կոնտակտներ կան, որոնք վերաբերում են ուղղակիորեն գործընթացի շարունակությանը: Այս պահին ավելին չեմ կարող ասել:

Կարծում եմ, որ կոնտակտները կոնստրուկտիվ են, և որոշ ժամանակ անց մենք կունենանք հրապարակելու տեղեկատվություն առ այն, թե երբ կլինի հաջորդ հանդիպումը»,- ասաց նա:

Հարցին՝ փոխկապակցվա՞ծ են օգոստոսի 8-ի դրույթները և սահմանազատման գործընթացը, փոխվարչապետը պատասխանեց.

«Գլոբալ իմաստով, ինչ խոսք, օգոստոսի 8-ի իրադարձությունը միանգամից հանգեցրեց նրան, որ երկկողմ ստիմուլ կա՝ սահմանազատման գործընթացը երկկողմ շարունակելու, և դա, ըստ էության, քննարկվում է:

Բացի դրանից՝ ավելի կոնկրետացան խոսակցություններն այն մասին, թե ենթակառուցվածքներն ինչ դիրք կունենան, և, դիրքից կախված՝ ո՛ր հատվածները մենք պիտի սահմանազատենք, որպեսզի նույնիսկ նախագծային աշխատանքները սկսելու համար աշխատանքի բազա ունենանք:

Երկուսն էլ, այո՛, սահմանազատում են, բայց այստեղ հնարավոր է, որ արտահերթ ինչ-որ սահմանազատվելիք հատվածներ ունենանք, որպեսզի TRIPP-ի ենթակառուցվածքային զարգացմանը նպաստենք: Բայց առանձին, անկախ դրանից, մենք մեր գործընթացը, վստահ եմ, որ կշարունակենք»:

  • Կիսվել: