երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պետության ղեկը վստահե՛լ գեներալ Արշակ Կարապետյանին

Պետության ղեկը վստահե՛լ գեներալ Արշակ Կարապետյանին

Հայաստանին հիմա ամենաանհրաժեշտն անվտանգությունն է, արժանապատի՛վ անվտանգությունը։ Այն, ինչ առաջարկում է Նիկոլ Փաշինյանը «Խաղաղություն» անվան տակ, ըստ էության, ստրկություն է. ստրուկն էլ ունի անվտանգության երաշխիքներ, որոնք նրան տրվում են տիրոջ կողմից՝ ի հաշիվ նրա ազատության և իրավունքների։

Հայաստանի իշխանության ղեկին պետք է լինի այնպիսի մարդ, ով ոչ թե բառերով, այլ գործով է ապացուցել, որ կարող է ապահովել այդ անվտանգությունը։

Բոլոր պետություններում, երբ պետությունը կանգնած է եղել պատերազմի կամ դրա սպառնալիքի առաջ, այդ պետության կառավարման ղեկը վստահվել է մարդու, ով ընդունակ է իր վրա վերցնել այդ պատասխանատվությունը, ընդունակ է պետությունը պատվով դուրս բերել այդ փորձությունից։ Նման իրավիճակում իշխանության ղեկը հանձնվում է զինվորականի, որովհետև առաջնային է դառնում ոչ թե տնտեսական զարգացումը, կրթությունն ու մշակույթը, առողջապահությունը կամ բնապահպանությունը, այլ՝ հաղթանակը։

Հիմա Հայաստանը կանգնած է նման իրավիճակի առաջ։ Հայաստանի գործող իշխանության ղեկավար Նիկոլ Փաշինյանն արդեն ապացուցել է, որ ինքը չի կարող ապահովել Հայաստանի ու հայ ժողովրդի անվտանգությունը, չի կարող պատերազմի դեպքում ապահովել Հայաստանի հաղթանակը։ Նիկոլ Փաշինյանը, լինելով պարտվողի ու հանձնվողի հոգեբանական բարդույթի տակ, կարող է միայն կատարել թշնամու հրահանգները։

Հայ հասարակությունը փնտրում է մարդու, ով ընդունակ է լրացնել այդ բացը, կարող է հույս ներշնչել, որ կվերականգնի Հայաստանի և հայ ժողովրդի ոգին, արժանապատվությունը. այդպիսին կարող է լինել գեներալ Արշակ Կարապետյանն, ով անցած տարվա վերջին քաղաքական հայտ ներկայացրեց՝ հեռացնելու Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանում ձևավորելով ազգային իշխանություն։

Ինչու հենց գեներալ Արշակ Կարապետյա՞նը, եթե Հայաստանում կան բազմաթիվ գեներալներ, զինվորականներ, նույնիսկ կոչումով ավելի բարձր, քան Արշակ Կարապետյանն է. այն պարզ պատճառով, որ այդ գեներալներից և զինվորականներից որևէ մեկը քաղաքական հայտ չի ներկայացրել, հրապարակային հանդես չի եկել Նիկոլ Փաշինյանի դեմ, և չի խոստացել հեռացնել նրան։ Գեներալներից շատերը շարունակում են ծառայել Փաշինյանին և նրա վարչախմբին, համարելով, որ իրենք ծառայում են հայրենիքին ու պետությանը, բայց և կիսելով նրա գործունեության պատասխանատվությունը, իսկ ովքեր էլ հեռացել կամ հեռացվել են ծառայությունից, շարունակում են լուռ մնալ, կամ, եթե անգամ քննադատում են, ապա ոչ մի ծրագիր չունեն Նիկոլ Փաշինյանից ազատվելու։

Արշակ Կարապետյանը միակ գեներալն է, ով ստեղծել է կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ և անհատներ միավորող «Համահայկական ճակատ» շարժում, որի գործունեության հիմնական նպատակը Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է Հայաստանի իշխանությունից և նոր ազգային իշխանություն ձևավորելը։

Արշակ Կարապետյանը մարտական ուղի անցած գեներալ է։ Նա իրեն լավագույնս է դրսևորել իր զիվորական ծառայության ավելի քան երեսուն տարիների ընթացքում՝ երկար տարիներ լինելով հայոց բանակի հետախուզության ծառայության ղեկավարը, հետո նաև՝ Հայաստանի պաշտպանության նախարարը։ Նա այն եզակի պաշտպանության նախարարներից է, ում դեմ քրեական գործ հարուցված չէ, նա չի մեղադրվում բանակը թալանելու, սպառազինության գնման գործարքներից ատկատ ստանալու, բանակին անորակ զենք, զինամթերք մատակարարելու, զինվորի բաժին հացը ուտելու մեջ։

Ընդհակառակը՝ Արշակ Կարապետյանն այն եզակի հայ պաշտոնյան էր, ով 44-օրյա պատերազմից հետո, որպես պաշտպանության նախարար, այցելեց Արցախ, ցույց տալով, որ Ադրբեջանի ու նրա իշխանությունների սպառնալիքներն իր համար առոչինչ են։ Դրա համար էլ նա արժանացավ Նիկոլ Փաշինյանի անվստահությանը, կամ գուցե Ալիևը հրահանգեց, որ Փաշինյանը հեռացնի Կարապետյանին պաշտպանության նախարարի պաշտոնից։

Արշակ Կարապետյանի շուրջ համախմբված են արցախյան պատերազմների այլ մասնակիցներ ևս, ինչպես օրինակ «Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ, պահեստազորի գնդապետ Խաչիկ Ասրյանը։ Խաչիկ Ասրյանը ևս հայտնի է տասը տարուց ավել փոխնախարարի պաշտոնում իր ամբասիր պետական ծառայության փորձով և հայրենիքի հանդեպ իր նվիրվածությամբ։ Խաչիկ Ասրյանը մասնակցել է ինչպես արցախյան առաջին հերոսամարտին, այնպես էլ իր՝ «Հայոց արծիվներ» կամավորական ջոկատով՝ քառօրյա և քառասունչորսօրյա պատերազմներին՝ արժանանալով «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի։ Խաչիկ Ասրյանը մշտապես հանդես է եկել ոչ թե թշնամու առաջ խոնարհվելու, թշնամուն ենթարկվելու, այլ խաղաղություն պարտադրելու կոչերով։

Հայ հասարակությունը կարող է վստահ լինել, որ «Համահայկական ճակատ» շարժման կողմից Նիկոլ Փաշինյանին Հայաստանի իշխանությունից հեռացնելու և Հայաստանում ազգային իշխանություն ձևավորելուց հետո Հայաստանն ի վերջո կհասնի այդքան սպասված արժանապատիվ խաղաղության և անվտանգության ապահովման։

Առաքել Առաքելյան

  • Կիսվել: