հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Պետք է ևս մեկ անգամ սեփականաշնորհենք Հայաստանը և ազդարարենք «Չորրորդ Հանրապետությունը»․ Հակոբ Արշակյան

Պետք է ևս մեկ անգամ սեփականաշնորհենք Հայաստանը և ազդարարենք «Չորրորդ Հանրապետությունը»․ Հակոբ Արշակյան

 

«Ամբողջ խնդիրն այն է, որ մեր հասարակության համար Սահմանադրության ընտրությունը վստահելի պրոցես չի եղել, և մեզ անհրաժեշտ է, որպեսզի լայն հասարակությունը մասնակցի սահմանադրության հանրաքվեին և իր քվեն տա այն սահմանադրական օրենսդրությանը, որով ինքը ցանկանում է ապրել Հայաստանում։ Սա է, որի մասին ազդարարվել է համաժողովի ընթացքում և սրա մասին խոսվել է Ազգային ժողովում։ Ես կարծում եմ, որ այս մասով նույնպես ընկալում կա»,–ասաց նա։

Արշակյանը կոչ արեց լրատվամիջոցներին այս թեման դարձնել հանրության քննարկման առարկա մինչև սահմանադրության վերաբերյալ ընտրությունները. «Սա բոլորիս հարցն է, մենք բոլորս պիտի գնանք և մեր խոսքը ասենք նոր սահմանադրությանը և դրանով սեփականաշնորհենք ևս մեկ անգամ մեր պետությունը և ազդարարենք չորրորդ հանրապետությունը»։

Հարցին՝ իսկ ինչո՞վ է չորրորդ հանրապետությունը տեսանելի մակարդակում տարբերվելու երրորդ հանրապետությունից, ԱԺ փոխխոսնակը պատասխանեց. «Եթե մենք իրար հետ շփվում ենք, մենք ապրում ենք նույն երկրում, նույն պետության մեջ, մենք պետք է ունենանք այն հիմքը, որը թույլ է տալիս իրար հետ հաղորդակցվել։ Այդ հիմք սահմանադրությունն է, կանոնները, հասարակական կարգը, քաղաքացիությունը։ Մենք իրար հետ պետք է այդ պայմանագիրը ունենանք։

Եթե այս պայմանագրի ընտրությունների վերաբերյալ հարցեր կան, ուրեմն հարցեր կան նաև մեր հարաբերությունների մեջ։ Եթե մենք բոլորս ուզում ենք իրար հետ հարաբերվենք Հայաստանի օրենսդրության շրջանակներում, դա իրականում ըստ էության մեծ քայլ է և հենց այդ քայլն է, որ բնորոշվում է որպես չորրորդ հանրապետություն»,– ընդգծեց նա։

Երբ լրագրողներից մեկը կոչ արեց, միասին իջնել եւ փողցում քաղաքացիներից հարցնել, թե արդյոք սահմանադրությունը փոխելու և չորրորդ հանրապետություն հռչակելու կարիք կա, Հակոբ Արշակյանն արձագանքեց. «Այո, կարող ենք իջնել և հարցնել։ Ես արդեն հարցրել եմ և հստակ գիտեմ։ 2018 թվականի հեղափոխության ժամանակ մարդիկ գնացել են, իրենց գնահատականը տվել են փողոցում։

Այո, յոթ տարի անցել է, բայց այդ սահմանադրությունը չի փոխվել։ Այսինքն ամեն ինչ փոխվել է մեր երկրում, բացի այն սահմանադրությունից, որը ըստ էության, չի համարվում վստահելի։ Մեծ խնդիր է սա։ Եթե չեմ սխալվում, 2019 թվականին դրա մասին հայտարարություն եղել է երկրի վարչապետի կողմից, այդ խնդիրը ձևակերպվել է։ Թե ինչու մինչև հիմա մենք այդ խնդիրը չենք հասցեագրել, դրա պատճառը այն ամբողջ խնդիրներն են, որի միջով մենք անցել ենք»։

  • Կիսվել: