Պետք է արժանի դառնանք Հոկտեմբերի 27–ի զոհերին՝ վերադարձնելով հայրենի երկիրը իր հուն. Րաֆֆի Հովհաննիսյան
Խոսքը բավական չէ իսկապես մտնել մեր հոգու խորքը և հասկանալ, թե ինչ ահավոր հարված էր պետական նշանակության համազգային ողբերգություն էր, որ տեղի ունեցավ 26 տարի առաջ, ուղղված մեր պետականությանը, մեր արժանիքներին, մեր արժանապատվությանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Ժառանգություն» խուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 27–ի 26–րդ տարելիցին։
«Պարոն Դեմիրճյան, պարոն Սարգսյան, Բախշյան և բոլոր մեր հայրենակիցները, որոնք իրենց կյանքը տվեցին մեր երկրի համար: Հիմա մեկը հերոսի կոչում է կրում, մյուսը շարքային է, բայց կարևորը այն է, որ մենք հիշում ենք և մենք պարտավոր ենք։ Իրենք արժանի են իրենց թողած ժառանգությանը, որ ոչ միայն մենք շարունակենք և ի կատար ածենք, որով իրենք սկսեցին պետական ծառայությունը, այլ մենք արժանի դառնանք՝ վերադարձնելով հայրենի երկիրը իր հուն, իր արժանապատվության, իրավունքների, ինքնիշխանության և հայ լինելու, Հայաստանցի լինելու այդ բերկրանքն ապրելու համար։
Պիտի արժանի լինենք, որքան Աստված մեզ օրեր տա, պիտի խոսենք, հարցերին պիտի պատասխանենք, պիտի հանդիպենք, պիտի ողջագուրվենք, բայց առաջին հերթին այսօր և վաղը, և այն մյուս օրը պիտի գործենք, պիտի գործենք միաբանորեն, որ արժանին մատուցենք ազգային հերոսին, իր գործընկերներին և մեր բոլոր զոհերին, նահատակներին, բոլոր-բոլոր սերունդներին»,– ընդգծեց նա։
Այսօր 1999 թվականի Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 26-րդ տարելիցն է:
26 տարի առաջ տեղի ունեցած ոճրագործության արդյունքում զոհվեցին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը եւ Ռուբեն Միրոյանը, ԱԺ պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը եւ օպերատիվ հարցերով նախարար (փաստացի իրականացրել է փոխվարչապետի գործառույթներ) Լեոնարդ Պետրոսյանը:
Զինված անձինք էին Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը, Էդուարդ Գրիգորյանը, Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը:
Հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած գործողությունների ղեկավարը Նաիրի Հունանյանն էր: Հետագայում Նաիրի Հունանյանը ցուցմունք տվեց և հայտարարեց, թե ինքը պետական մակարդակով ահաբեկչական ծրագրեր է ունեցել 1991 թվականին, բայց հանգամանքների բերումով չի կարողացել իրագործել:
Նշենք, որ «հոկտեմբերի 27-ի» գործով դատավճիռը հրապարակվել է 2003 թվականի դեկտեմբերի 2-ին:
Կենտրոնի դատարանի վճռով՝ 6 անձ դատապարտվել է ցմահ, մեկ անձ՝ 14 տարվա ազատազրկման:


