ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՊԲ-ն պարզաբանում է ներկայացրել «Հադրութում զոհված զինծառայող Ռոբերտ Կարապետյանի «Արիության» մեդալը տուն է բերել տաքսու վարորդը» գրառման վերաբերյալ

ՊԲ-ն պարզաբանում է ներկայացրել «Հադրութում զոհված զինծառայող Ռոբերտ Կարապետյանի «Արիության» մեդալը տուն է բերել տաքսու վարորդը» գրառման վերաբերյալ

Ի պատասխան հայկական լրատվամիջոցներում լայնորեն տարածվող ֆեյսբուքյան օգտատեր Հասմիկ Մարտիրոսյանի՝ «Հադրութում զոհված զինծառայող Ռոբերտ Կարապետյանի «Արիության» մեդալը տուն է բերել տաքսու վարորդը» վերտառությամբ գրությանը՝ անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել հետևյալը.

Նախ՝ նշվածը իրականության հետ որևէ աղերս չունի:

Երկրորդ՝ իրականում Ռոբերտ Կարապետյանի ոչ թե «Արիության համար», այլ՝ «Մարտական ծառայություն» մեդալը հարազատներին է հանձնել ոչ թե տաքսու վարորդը, այլ լեյտենանտ Էդգար Ապրեսյանը, որը մարտական գործողությունների ժամանակ եղել է այն ստորաբաժանմանը աջակցող դասակի հրամանատարը, որի անձնակազմի ներկայացուցիչներից է եղել Ռոբերտ Կարապետյանը:

Նախապես լ-տ Ապրեսյանը ցանկացել է մեդալը հանձնել զոհված զինծառայողի հարազատներին նրանց հարկի տակ, սակայն ծնողների կողմից մերժում ստանալուց հետո այն հանձնել է զոհված զինծառայողի շիրմաքարի մոտ վերջինիս հորը:

Զոհված զինծառայողների պարգևների հանձնման գործընթացը շարունակական է և այն իրականացվում է ոչ միայն զորամաս և ավելի բարձր օղակների հրամկազմի, այլև անմիջական հրամանատարների և մարտական ընկերների մասնակցությամբ:

Կոչ ենք անում զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին և սոցիալական ցանցերի անհատ օգտատերերին չշահարկել մեր ժողովրդի համար անչափ զգայուն նշանակություն ունեցող թեմաները և զերծ մնալ չստուգված տեղեկություններ հրապարակելուց:

Նշենք, որ երեկInfoPort.am-հրապարակեց Ռոբերտ Կարապետյանի մոր Նառա Եղիազարյանի հետ զրույցը։

Ռոբերտին հետմահու պարգևատրել են «Արիության մեդալով»։ Այդ մասին  ընտանիքն իմացել է տաքսու վարորդից, ով զանգել էր իրենց՝ մեդալը փոխանցելու համար։ «Մի հատ մեդալ են տվել , էդ էլ էնքա՜ն անշնորհքությամբ։ Անդոյին արցախցի է զանգում՝ ուղղակի տաքսու վարորդ։ Ասում է 15 րոպեից կլինեմ «մոստի տակ»։ Անդոն էլ գնում տոպրակով վերցնում է մեդալը»,- որդու պարգևը ստանալու մանրամասներն է պատմում Նառան ու բացատրություն  պահանջում, թե հետմահու՞ ինչու են պագևատրել, մեկուկես ամսվա մեջ ի՞նչ է հասցրել որդին անել, որ պարգևատրել են։ Ինքը դեմ է եղել մեդալն այդ ձևով ընդունելուն․«Գոնե տուն գային»,- դառնանում է։  Տաքսու վարորդն էլ Անդրանիկի հետ խոսելիս արդարացել  է, թե․«Ես մեղավոր չեմ, ինձ տվել են, լցրել են ավտոյիս մեջ, ասել տար հերթով  բաժանի»։ Նառայի հարցն օդում կախված է մնում․«Բա  իմ երեխեն ու մնացածները դրա՞ն էին արժանի, որ ամիսներով մնային անտառում՝ գայլերի բաժին։ Ամեն ծնող  իր ձևով ինչքան կարողացել, մեծացրել ա իր երեխուն, բա դրա՞ն էին արժանի»։

  • Կիսվել: