«Պատժու՞մ են Գյումրուն, որ ոչ բավարար գումար են տալիս». Սարիկ Մինասյանի պարզաբանումը
Դե մտափոխվել ենք, լավ չի՞, որ մտափոխվել ենք։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 20–ին, ՔՊ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը՝ անդրադառնալով նրան, որ սկզբում Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առաջարկով «Գյումրու օր» միջոցառումը հանվեց օրակարգից, նշելով, որ ցուրտ է եղանակները, հետո հայտարարվեց, որ տոնը կիրականացվի։
Անդրադառնալով մեղադրանքներին, որ Գյումրիին քիչ գումար է պետությունը հատկացնում, դրանով պատժում են քաղաքին, որ ընտրվել է Վարդան Ղուկասյանը, նա ասաց. «Չկա նման բան, չկա, իրականությանը չի համապատասխանում։ Բոլոր սուբվենցիոն ծրագրերը ֆինանսավորվում են, դոտացիաները փոխանցվել են, վերջին երկու-երեք տարիներին էլ 500 միլիոն դրամով ավելացրել են Գյումրիին հասանելի գումարը։ Կարող եք գրավոր հարցում անել Գյումրու համայնքապետարանին և ամեն ինչ պարզ կլինի բոլորի համար, խոսելով չի»։
Հարցին՝ ցածր չի՞ Գյումրին տրվող բյուջեն, նա արձագանքեց. «Բյուջեն է ընդհանրապես շատ փոքր, միանշանակ համաձայն եմ, բայց այդ գումարները փոխանցվում են։ Ես չեմ համայնքի ղեկավարը։ Ախր պիտի իմանանք Հայաստանի օրենքներն ու սահմանադրությունը, ինչպե՞ս է համայնքներին տրամադրվում գումարը, կառավարությո՞ւնն է մեծացնում բյուջեն, համայնքն է մեծացնում։ Դե ով ասես, ինչից ասես, կարող է դժգոհի, բայց պիտի լինի հիմնավորված և իրականությանը համապատասխան»։


