կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Պատվավոր կոչումների չեղարկման նախագիծը կառավարությունն ուղարկեց ԱԺ

Պատվավոր կոչումների չեղարկման նախագիծը կառավարությունն ուղարկեց ԱԺ

 Կառավարությունն Ազգային ժողովին առաջարկում է չեղարկել պատվավոր կոչումների համակարգը։ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը ներկայացրեց «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Դրանով առաջարկվում է չեղարկել «ժողովրդական» և «վաստակավոր» 17 պատվավոր կոչումները (օրինակ՝ «վաստակավոր լրագրող», «ժողովրդական նկարիչ» և այլն) և ներդնել խրախուսման այլ՝ առավել ժամանակակից ինստիտուտ։

«Այս համակարգը մեծամասամբ ժամանակավրեպ է և առանձին մասնագիտական ոլորտներում առողջ մրցակցության, արժանիքահեն առաջընթացի, բարոյահոգեբանական մթնոլորտի վրա նույնիսկ բացասաբար անդրադարձող»,- նշեց Հարությունյանը։

Նրա խոսքով՝ ուսումնասիրվել է առաջադեմ երկրների փորձը, որտեղ պատվավոր կոչումների ինստիտուտ անգամ չկա էլ։ Մասնագետների խրախուսումը չափելի և կոնկրետ արդյունքների վրա է հիմնված լինում, հենվում է ոլորտային մրցանակաբաշխությունների վրա։
 
«Որևէ կերպ չեն տալիս այդպիսի հնարավորություն մշտապես՝ մինչև կյանքի ավարտն ունենալ «ժողովրդական» կամ «վաստակավոր» կոչում»,- հավելեց Հարությունյանը։
Նախարարի տեղակալի խոսքով՝ կոչումների համակարգը ներմուծվել է խորհրդային ժամանակներում՝ տարբեր անհատների արժանի կամ արժանի տիտղոսավորելու համար, սակայն նաև բազմաթիվ դեպքեր են եղել, երբ անհատը կոչումը ստանալուց հետո դադարել է որևէ կերպ առաջընթաց գրանցել մասնագիտական իր ոլորտում։
 
Ինչ վերաբերում է նախկինում տրված կոչումներին, դրանք պահպանվելու են։ Պահպանվելու է նաև 40 հազար դրամ չափով տրվող պատվո վճարը։
 
Օրենքում առաջարկվող փոփոխություններով պահպանվում է միայն «վաստակավոր կոլեկտիվ» կոչումը, քանի որ, կառավարության հիմնավորմամբ, այն ոչ թե անհատին է շնորհվում, այլ թիմին, այսինքն՝ թիմային ձեռքբերում է։
Հանձնաժողովը ձայների մեծամասնությամբ դրական եզրակացություն տվեց փոփոխությունների նախագծին, ԱԺ խորհրդին կառաջարկվի այն ընդգրկել առաջիկա լիագումար նիստերի օրակարգում։

  • Կիսվել: