հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Պատշաճ վերահսկողություն չկա ոստիկանության և տեսչական մարմինների կողմից․ Թորոսյանը՝ հակածխախոտային օրենքի մասին

Պատշաճ վերահսկողություն չկա ոստիկանության և տեսչական մարմինների կողմից․ Թորոսյանը՝ հակածխախոտային օրենքի մասին

Կարծում եմ, որ բացօթյա հատվածում  հակածխախոտային օրենքը չի պահպանվում, ի տարբերություն փակ տարածքների, որտեղ այն մեծամասամբ պահպանվում է,- ՖԲ-ում,  օգտատերերից մեկի՝ օրենքի կիրառման վերաբերյալ հարցին ի պատասխան նշել է Առողջապահության նախկին նախարար, պատգամավոր Արսեն Թորոսյանը։

«Փակ և բաց տարածքներում չի պահպանվում նաև նարգիլեների արգելքը, քանի որ տնտեսվարողները շրջանցում են օրենքը՝ ներկայացնելով ինչ-որ փաստաթուղթ, որի մեջ գրված է, թե իբր նարգիլեների մեջ օգտագործվող նյութը նիկոտին չի պարունակում։

Պատշաճ վերահսկողություն չկա ոստիկանության և տեսչական մարմինների կողմից, իսկ նարգիլեների հարցը պետք է լուծվի օրենքում փոփոխություններ կատարելու միջոցով»,- գրել է նա։
 
Հիշեցնենք, որ մարտի 15-ից ուժի մեջ է մտնում «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ը) ենթակետով նախատեսված դրույթը:
 

Ըստ դրա՝ հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ), արգելվում է ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործումը:

  • Կիսվել: