հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Պատրաստ ենք 100 տարով վարձակալել Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային միջանցքը. Թուրքիայում ԱՄՆ դեսպան

Պատրաստ ենք 100 տարով վարձակալել Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային միջանցքը. Թուրքիայում ԱՄՆ դեսպան

Միացյալ Նահանգներն առաջարկել է ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև նախատեսված տրանսպորտային միջանցքի կառավարումը՝ երկու կովկասյան երկրների միջև դադարեցված դիվանագիտական բանակցությունները առաջ մղելու փորձով։ Դրա մասին ուրբաթ լրագրողներին հայտել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը, գրում է Middle East Eye-ը։

Չնայած Հայաստանը և Ադրբեջանը մարտին համաձայնության եկան խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ, Բաքուն շարունակում է պնդել մի շարք լրացուցիչ պայմաններ՝ նախքան համաձայնագրի պաշտոնական ստորագրումը։

Ադրբեջանը պահանջում է, որ Երևանը փոփոխություններ մտցնի Սահմանադրության մեջ։ Հիմնական խոչընդոտներից մեկը մնում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», որը Հայաստանի տարածքով կապելու է Ադրբեջանը նրա էքսկլավ Նախիջևանի հետ։

Հայաստանը հրաժարվում է օգտագործել «Զանգեզուրի միջանցք» եզրույթը՝ պնդելով, որ այն անընդունելի հետևանքներ ունի Սյունիք անունով հայտնի ինքնիշխան հայկական տարածքի համար։

Ադրբեջանը պնդում է, որ միջանցքը չպետք է հանձնվի Հայաստանի լիակատար վերահսկողությանը։ Հայաստանը նույնպես կտրականապես դեմ է երթուղու վերահսկողությունը որևէ երրորդ կողմի փոխանցելուն։

32 կմ երկարությամբ միջանցքը լուրջ խոչընդոտ է դարձել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հասնելու համար։

«Նրանք վիճում են 32 կիլոմետր ճանապարհի շուրջ, բայց դա մանրուք չէ», -նշել է Բարաքը։ Ըստ նրա՝ դա վաղուց է տեղի ունենում։

«Եվ ահա Ամերիկան միջամտում է և ասում. «Լավ, մենք այն մեզ համար կվերցնենք։ Տվեք մեզ ճանապարհ 32 կիլոմետրը որպես վարձակալություն՝ հարյուր տարով, և բոլորդ կկարողանաք օգտագործել այն», - նշել է դեսպանը։

Բարաքի մեկնաբանություններն առաջին պաշտոնական հաստատումն էին, որ Թրամփի վարչակազմն առաջարկել է միջանցքը կառավարել մասնավոր ամերիկյան առևտրային օպերատորի միջոցով, որը հանդես կգա իբրև չեզոք երաշխավոր։

 

Քարնեգի հիմնադրամի վերջերս հրապարակված զեկույցում ասվում է, որ ծրագիրը հիմնված է Եվրամիության ավելի վաղ արված առաջարկի վրա, ըստ որի՝ ամերիկյան լոգիստիկ ընկերություն կպատասխանատու լինի երթուղով բեռների տարանցման կառավարման և մոնիթորինգի համար, որը թափանցիկ կերպով կփոխանակվի տվյալներով բոլոր կողմերի հետ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: