«Պատրաստ եմ հանդիպել մեր մեթոդաբանությամբ կոնկրետ ձևաչափով». ՄԻՊ-ը՝ Սրբազանի հետ չհանդիպելու մասին
Մենք հանդիպման առաջարկ ի սկզբանե արել ենք, առաջարկը եղել է մեր մեթոդաբանությամբ կոնկրետ ձևաչափով հանդիպում կազմակերպելուն: Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու մասին հարցին։
Նա նշեց, որ երբեք չի խուսափում քաղաքացիների, լրագրողների հետ հանդիպումից. «Այս փուլում էլ պատրաստ եմ մեզ վերաբերելի մեթադաբանությամբ ու ձևաչափով ունենալ հանդիպում: ՄԻՊ-ը քաղաքացիների հետ ընդունելության հստակ մեթոդաբանություն ունի և այդ մեթոդաբանությունը կոնկրետ սկզբունքներով է գործում։ Իմ հանրային կապերի պատասխանտուն այնտեղ է եղել, ասել է, որ այս պահին էլ ՄԻՊ-ը պատրաստ է ընդունել, այսինքն հերթագրման հետ կապված խնդիր չենք ունեցել, պարզապես քաղաքացիների հետ երբևէ որևէ քննարկում կամ հաղորդակցության, որը վարում ենք, այլ քաղաքացիների ներկայությամբ չի լինում»,- ասաց ՄԻՊ-ը։
Պատասխանելով հարցին՝ պետական մարմիններից հրահա՞նգ եղել է Սրբազանի հետ չհանդիպելու, Մանասյանը պատասխանեց. «Պետական մարմիններից ընդհանրապես հրահանգ չեմ ստանում։ Որևէ իրավիճակում, որևէ ցուցում պետական մարմիններից չեմ ստացել, ինչը շատ կարևորում եմ։ Այս խնդրի վերաբերյալ ևս որևէ տեսակի քննարկում չի եղել։ Պատրաստ ենք հանդիպում ունենալ»։