Պատգամավորները հեռուստա և ռադիոընկերությունների գործունեության համար օրենսդրական նոր կարգավորումներ են առաջարկում
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վահագն Թևոսյանը և Մխիթար Հայրապետյանը, ինչպես նաև անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ներկայացրել են օրենսդրական նոր նախաձեռնություն՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի մասին նախագիծը և «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։ Պատգամավորներն առաջարկում են օրենսդրական նոր կարգավորումներ հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների գործունեության համար:
«Գործող օրենքն այլևս բացարձակ չի կարգավորում հեռուստատեսային և ռադիո ոլորտը: Սահմանադրությամբ մենք ունենք անկախ պետական մարմին՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, որը միտված է կարգավորելու, վերահսկելու, ապահովելու հեռուստատեսության և ռադիոյի ազատությունները, այնինչ, գործող իրականությունում կան մի քանի ձևավորված համակարգեր, որոնք գործող օրենքով չեն կարգավորվում»,- նախագծերը ներկայացնելիս Ազգային ժողովի նիստում հայտարարեց Վահագն Թևոսյանը:
Օրենքի նախագծով առաջարկվում է նոր լիազորություններով օժտել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին, որի հետևանքով կստեղծվի նոր մրցակցային միջավայր ու աստիճանաբար տարբեր փոփոխություններ կկատարվեն: Պատգամավորի ներկայացմամբ, անհրաժեշտ է օրենսդրական փաթեթն ընդունվի մինչև հուլիսի 20-ը:
«2020թ. հուլիսի 20-ին պետք է հայտարարվեն հանրային մուլտիպլեքսի, այսինքն՝ հեռարձակման ցանցում ազատ թվային տիրույթների մրցույթները: Անհրաժեշտություն է առաջանում, հենց շահառուների շահով պայմանավորված, որպեսզի մենք այս օրենքը շատ ավելի շուտ ընդունենք, քան կհայտարարվի մրցույթը, որպեսզի մրցույթում հաղթած մեդիա ծառայությունները գործեն արդեն նոր օրենքի կարգավորման շրջանում և իրավական խնդիր չառաջանա»,- բացատրեց նա:


