չորեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2025
Պատերի տակ մարդ գյուլլող «սրբազանին» պաշտպանող ցանկացած ոք նրա հետ կիսում է ահաբեկչության պատասխանատվությունը. Չախոյան

Պատերի տակ մարդ գյուլլող «սրբազանին» պաշտպանող ցանկացած ոք նրա հետ կիսում է ահաբեկչության պատասխանատվությունը. Չախոյան

Պատերի տակ մարդ գյուլլող «սրբազանին» պաշտպանող ցանկացած ոք նրա հետ կիսում է ահաբեկչության պատասխանատվությունը։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:

«Կիսում է պետության դեմ հարձակման պատասխանատվությունը։

Կիսում է պետությունը գլխատելու պատասխանատվությունը»,- գրել է նա։

Հիշեցնենք՝ քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել 16 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։

ՔԿ-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ հանցավոր խմբի ղեկավարների և մասնակիցների բնակարաններում խուզարկությամբ հայտնաբերվել են հանցագործության համար նախատեսված մեծաքանակ առարկաներ և իրեր, ձերբակալվել է 14 անձ, այդ թվում՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

Ավելի վաղ վարչապետը գրել էր, որ իրավապահները կանխել են Հայաստանի Հանրապետությունը ապակայունացնելու և իշխանությունը բռնազավթելու «քրեաօլիգարխիակղերական» խոշոր ու եղկելի պլանը։ Վարչապետը հրապարակել էր Քննչական կոմիտեի հաղորդագրությունը:

ՔԿ-ն, ի լրումն տարածված հաղորդագրության՝ ներկայացրել է «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ձայնագրությունները։

Նախօրեին վարչապետը ֆեյսբուքյան էջում տեղադրել էր Civic.am կայքի՝ «Ընդդիմության հեղաշրջման պլանը» վերնագրով հրապարակումը և գրել.

«Այս պրոցեսը պատմության մեջ կմնա որպես «ստահակների ձախողված հեղաշրջում»:

Հրապարակման մեջ նշված է, որ հեղաշրջման պլանը հասանելի է դարձել ընդդիմության վստահելի աղբյուրներից: Այն, ըստ էության, գործողությունների փուլային ծրագիր է, որում մանրամասն շարադրված են թիրախային քայլերը, գործիքները, դերակատարները: Հեղաշրջման պլանում ներգրավված են գրեթե բոլոր սեգմենտները՝ Եկեղեցուց մինչև հայտնի տիկտոկերներ:

  • Կիսվել: