հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Պաշտոնն էլ ժառանգեց, սենյակն էլ․ «Հրապարակ»

Պաշտոնն էլ ժառանգեց, սենյակն էլ․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

««Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի՝ մանդատից հրաժարվելուց հետո Ազգային ժողովում շատերն են աչք ունեցել խմբակցության ղեկավարի աշխատասենյակի վրա։ Վանեցյանն իր միջոցներով եւ իր սովորույթի համաձայն՝ նորաոճ ու շքեղ վերանորոգել ու կահավորել էր խմբակցության ղեկավարի իր աշխատասենյակը, որը ժամանակին ծառայել է Նիկոլ Փաշինյանին, ապա՝ Էդմոն Մարուքյանին։ Իսկ Վանեցյանին աշխատասենյակը փոխանցվել էր բավականին անմխիթար վիճակում:

Տեղեկացանք, որ ԱԺ աշխատակազմը, Վանեցյանի հեռանալուց հետո, փորձել է իրենով անել հարմարավետ, գեղեցիկ ու ընդարձակ աշխատասենյակը: Եվ անգամ մտադիր են եղել այստեղ տեղավորել աշխատակազմի ղեկավար Վահան Նարիմանյանին: Սակայն, հավանաբար, հասկացել են, որ ընդդիմադիրների տարածքից մի կտոր զավթելը կարող է աղմուկ բարձրացնել, ուստի հրաժարվել են այդ մտքից:

Մենք տեղեկացանք, որ Վանեցյանի աշխատասենյակում շուտով կտեղավորվի նրանից հետո խմբակցության ղեկավարի պարտականությունները ստանձնած Հայկ Մամիջանյանը, իհարկե, եթե խմբակցությունը գնա խորհրդարան եւ դադարեցնի բոյկոտը։ Հիշեցնենք, որ Մամիջանյանը մինչ այս խմբակցության քարտուղարն էր, հիմա քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է Տիգրան Աբրահամյանը»:

Ամբողջական հոդվածը թերթի այսօրվա համարում։

 

 

  • Կիսվել: