Փաշինյանը թույլ չի տալիս, որ արցախցիները ՀՀ-ում կոմպակտ ապրեն. Արթուր Խաչատրյան
Սերը Ալիևի հետ երազ էր. ասում են՝ վերջ, այլևս խաղաղություն է, թուղթ են ստորագրում, երբ հիմնական սկզբունքների շուրջ համաձայնություն չկա։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Հիշեցնեմ, որ 2018-ից 2020 թվականներին, երբ Փաշինյանը հասարակությանը մոլորեցնելով բանակցում էր արցախյան հարցի վերաբերյալ, ինքը ասում էր, որ սրանք բանակցություններ չեն, ուղղակի մենք հանդիպում ենք, խոսում ենք, փորձում ենք հասկանանք, ամեն բառի տակ ինչ է հասկացվում։ Հիմա ի՞նչ, ինքը ստորագրում է մի հատ թուղթ, երբ հիմնական բանի շուրջ կան տարընթերցումնե՞ր։ Ալիևը հասկանում է մի բան, ինքը հասկանում է ուրիշ բան, Թրամփը խոսում էր հնարավոր 99 տարով վարձակալության, ևս 99 տարով երկարաձգելու մասին, ինչի՞ վազեցին այդպես հապշտապ ինչ-որ թուղթ ստորագրեցին, և ի լուր աշխարհի ասում են, թե վերջ, մեր մոտ խաղաղություն է։
Նախ խաղաղություն չի, քանի դեռ ադրբեջանցիները Հայաստանի տարածքի մի հատված օկուպացրել են, և երկրորդը ինչ խաղաղություն, եթե դիմացի կողմը անընդհատ Հայաստանի նկատմամբ պահանջներ է ներկայացնում, սպառնալիքներ է ուղղում, անընդհատ հայ հասարակությանը վիրավորում է»,–ասաց նա։
Անդրադառնալով ԵԽԽՎ–ում Փաշինյանի հայտարարությանը, որ միջազգային հանրությանը կոչ էր անում օգնել, որ արցախցիները բնավորվեն Հայաստանում, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Նախ, Փաշինյանը ինքը չի որոշում արցախցիների ճակատագիրը, արցախցիները իրենց իրավունքները չեն արտապատվիրակել Նիկոլ Փաշինյանին: Հիմա, եթե արցախցիները ասեն՝ մենք պահանջում ենք ապահովել մեր վերադարձի իրավունքը, մեր գույքը տնօրինելու իրավունքը, եթե մարդիկ նույն դիմումը ներկայացնեն և ՄԻԵԴ–ը համանման որոշում կայացնի, Փաշինյանը ի՞նչ է անելու, պարտադրելու է, սպառնալու է, բանտարկելու է, որ մարդիկ չվերադառնա՞ն։ Կամ բանտարկելու է, որ մարդիկ իրենց հարցը չբարձրացնե՞ն միջազգային և եվրոպական ատյաններում։
Երկրորդը ինչքան կարելի է ասել որ ինքը ինչքան զիջումների գնում է, դա ադրբեջանցիների մոտ ոչ թե պատասխան զիջումներ է բերում ադրբեջանցիների կողմից, այլ ընդհակառակը, ադրբեջանցիները էլ ավելի ագրեսիվ են դառնում։
Ինքը հրաժարվում է խոսել, բարձրացնել արցախցիների վերադարձի իրավունքի հարցը, ես չեմ խոսում քաղաքական իրավունքների, մասնավորապես սեփական քաղաքական ճակատագիրը տնօրինելու իրավունքի մասին, բայց մենք չենք տեսնում, որ ադրբեջանցիներն ասեն դե լավ այդ դեպքում մենք էլ այսպես այսպես կոչված «արևմտյան ադրբեջանցիների» այսպես կոչված վերադարձի հարցը չենք բարձրացնելու։ Ադրբեջանցիք պահանջել են և շարունակում են պահանջել, և ես չեմ զարմանա, որ ինչ-որ մի օր դա դառնա հերթական ֆորմալ պահանջը, ճիշտ այնպես, ինչպես ֆորմալ պահանջ է հանդիսանում Սահմանադրության փոփոխությունը։
Եվ երրորդ բաղադրիչը, եթե ինքն ասում է արցախցիները պետք է Հայաստանում տնավորվեն, ի՞նչ է անում, որ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունից մազապուրծ մեր հայրենակիցները Հայաստանում կարողանան բարեկեցիկ, արժանապատիվ կյանքով ապրեն, որ իրենց իրավունքները այստեղ պահպանվեն։
Արցախցիները դժգոհում են սոցիալական իրավիճակից, դժգոհում են իրենց իրավունքների խախտումների վերաբերյալ, մի մեծ խումբ կա, ում հարցը ընդհանրապես այս իշխանությունները անտեսել են, խոսքը բենզինի պահեստարանի պայթյունից զոհերի և հաշմանդամ դարձածների ճակատագրի մասին։ Որևէ բան չի անում, որովհետև ակնհայտ է, որ Փաշինյանը մի քաղաքականություն է իրականացնում, թույլ չտալ, որպեսզի Արցախցիները կոմպակտ ապրեն Հայաստանում և իրենց իրավունքները պաշտպանեն։ Դրա համար որևէ քաղաքական իրավունքների հետամուտ չի լինում, սոցիալական խնդիրներն էլ չի լուծում»,– ընդգծեց Արթուր Խաչատրյանը։



