Փաշինյանը պատասխանել է «Hetq» առցանց լրատվական կայքի վիճահարույց հրապարակմանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 22-ին Ազգային ժողովի նիստում արձագանքել է «Hetq» առցանց լրատվական կայքի վիճահարույց հրապարակմանը։ Առցանց լրատվական կայքը տեղեկատվություն էր հրապարակել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության փակ խմբից։
«Հենց որ փորձենք՝ կամա թե ակամա, ցանկանալով թե չցանկանալով, ընտրություններում վարչական ռեսուրսը օգտագործելով, մենք այդ ընտրությունները պարտվելու ենք։ Ես համոզված եմ դրանում։ Ընդհանրապես տարօրինակ է, որ մենք այս թեման ենք քննարկում։ Մի՞թե մենք 2018 թվականին հեղափոխություն ենք արել վարչական ռեսուրսի օգտագործմամբ», - ասել է Փաշինյանը։
Նա հավելել է, որ իշխող խմբակցությանը անընդհատ կասկածում և մեղադրում են որոշակի քաղաքական տեխնոլոգիաներ կիրառելու մեջ։
«Այնտեղ, որտեղ մենք կփորձենք քաղաքական տեխնոլոգիաներ կիրառել, այնտեղ մենք կպարտվենք։ Չէ՞ որ մեր քաղաքական տեխնոլոգիան զգացմունքն է, ժողովրդի հետ օրգանական կապը և սերը ժողովրդի և երկրի նկատմամբ»,- հայտարարել է Կառավարության ղեկավարը։


