երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Փաշինյանը ներկայացրեց Թրամփի ուղու ճանապարհային քարտեզը

Փաշինյանը ներկայացրեց Թրամփի ուղու ճանապարհային քարտեզը

Մենք չենք ասում, որ TRIPP-ն Ադրբեջանի համար անընդունելի պայմաններով պիտի գործի, և մենք թուղթ ենք ստորագրել ընդունելի պայմանների մասին: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Որոնք են Ադրբեջանի համար ընդունելի պայմանները. այն, ինչի տակ դրած է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ստորագրությունը: Վաշինգտոնի հռչակագրի 3-րդ կետում Ադրբեջանը ստորագրել է այն թղթի տակ, թե որոնք են ընդունելի պայմանները: Որոնք են՝ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը, փոխադարձությունը, սահմանների անխախտելիությունը: Դա գրված, ստորագրված է:

Թրամփի ուղու ճանապարհային քարտեզը հետևյալն է. մինչև տարվա վերջ մենք թղթի վրա պետք է նկարագրենք բոլոր մանրամասները: 2026 թվականի առաջին կեսին պետք է համաձայնեցնեք, երկրորդ կեսին պետք է սկսենք շինարարական աշխատանքները: Սա է պլանը:

Ես կարող եմ հստակ ասել, թե երկաթուղին որտեղով է անցնելու: Երկաթուղին անցնելու է խորհրդային ժամանակ գոյություն ունեցած երկաթուղու երթուղով, որովհետև ուրիշ տեղով երկաթուղի կառուցելը իրատեսական չէ: Կարող եմ ասել, որ գազամուղը անցնելու է դրանից էականորեն հյուսիս, էլեկտրական գծերն անցնելու են էականորեն հյուսիս, ընդ որում՝ չեմ կարող ասել նույնիսկ, թե որոնք Սյունիքի մարզում կմնան, որոնք` Վայոց ձորի մարզի հատվածում, որովհետև դա բազմաթիվ գործոններից է կախված: Այսինքն՝ քարտեզի վրա ամեն ինչ հարթ է, թվում է՝ որտեղ ուզենաս, գիծը կքաշես, այնուամենայնիվ, տեղանքը, բնությունն ուրիշ բան են:

Ավտոճանապարհների հետ կապված՝ գիտեք, որ Հյուսիս-հարավը կառուցվում է, և մենք Արևելք-արևմուտք ուղղությամբ ճանապարհները կինտեգրենք Հյուսիս-հարավ ճանապարհներին և այլն:

Մենք ամեն ինչ կանենք, որ այս ժամանակացույցը հստակ աշխատի: Մի բան հստակ կարող եմ ասել, այդ նախագիծը իրականացվելու է և շատ արագ, շատ մեծ տեմպերով, այն պայմաններով, ինչ որ Վաշինգտոնի հռչակագրում գրված է»:

  • Կիսվել: