Փաշինյանը հայտնեց, որ շփման գծի վերահսկման մեխանիզմներ ներդնելու մասին առաջարկն ուժի մեջ է
Այսօր ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ դիտարկմանը, թե վերջին շրջանում ադրբեջանական կողմը Հայաստանին մեղադրում է շփման գծում խախտումների համար, չնայած Հայաստանն էր առաջարկել շփման գծի վերահսկման մեխանիզմների ներդրում: Լրագրողը հետաքրքրվեց՝ ադրբեջանական կողմը որևէ խողովակով արձագանքե՞լ է այս առաջարկին:
«Քանի դեռ մենք դրա մասին հրապարակային ասում ենք, նշանակում է, որ աշխատանքային մակարդակում կա՛մ արձագանք չկա, կա՛մ արձագանքը բավարար չենք համարում: Եթե ադրբեջանական կողմն անընդհատ նշում է, որ կա հրադադարի ռեժիմի խախտում, ՀՀ-ն շեշտում է, որ չկա խախտում, կարծում եմ, որ տրամաբանական է, որ այս իրավիճակի ճիշտ հանգուցալուծումն այն է, որ ստեղծվի համատեղ մեխանիզմ, որպեսզի ամեն դեպքն առանձին իրար հետ քննելու և, ի վերջո, եզրակացությունների գալու հնարավորություն ունենանք: Եվ այդ առաջարկն ուժի մեջ է, և տրամաբանական առաջարկ է»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ վարչապետի աշխատակազմն առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ։