ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Փաշինյանը չի դիտել որդու մասնակցությամբ կադրերը եւ վստահեցնում է, որ դեպքին ծանոթ է միայն նրա պատմելով

Փաշինյանը չի դիտել որդու մասնակցությամբ կադրերը եւ վստահեցնում է, որ դեպքին ծանոթ է միայն նրա պատմելով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի դիտել որդու մասնակցությամբ տեսանյութը, որտեղ երեւում է, որ Աշոտ Փաշինյանն ինքնակամ նստում է 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Մարտիրոսյանի ավտոմեքենան: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ինձ պետք չեն կադրերը, իրավական նրբությունների մեջ չեմ պատրաստվում խորանալ: Իմ որդին քրեադատավարական բոլոր պարտավորությունները կատարել է, բժշկական զննման եւ առերեսման գնացել է: Ես բացարձակ տեղյակ չեմ իմ որդու քրեական գործից: Տեղյակ լինելու միակ աղբյուրը իմ որդին է: Ինչքան մանրամասներ ես գիտեմ, իր հետ ամենօրյա շփումից է: Եվ իհարկե, բարդ է պատկերացնելը, որ երեկոյան թեյի ժամանակ խոսում ենք եւ այդ թեմային չենք անդրադառնում»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանի կարծիքով՝ հենց ընտանիքի անդամ լինելու գործոնով է, պայմանավորված, որ ինքը տեղյակ է Աշոտ Փաշինյանի գործից, իսկ իր ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի գործից՝ ոչ:

«Ես քաղաքացու (Սոնա Մնացականյանի) ծնողին իմ համարը փոխանցել եմ, ասել եմ զանգեք, երբ կարիք լինի, համարն էլ գրանցել եմ մոտս: Ես բացթողած զանգ չունեմ իրենից: Եվ ոչ մի պատճառ չկա, որ այդ գործն օբյեկտիվ չքննվի»,- նշեց նա:

Փաշինյանը չբացառեց, որ կդիտի որդու մասնակցությամբ կադրերը, սակայն կրկին պնդեց, որ չի հորդորելու նրան հետ վերցնել ցուցմունքը: Փաշինյանի համար դա անընդունելի մտածելակերպ է:

«Ի՞նչ է նշանակում՝ հորդորել դիմումը հետ վերցնել: Իրավապահ մարմիններին դիմելը եւ նրանց հետ համագործակցելը պետք է դառնա հանրային կյանքի բաղադրիչ: Եթե չկա հանցակազմ, թող կարճեն, կա հանցակազմ՝ թող ուղարկեն դատարան, դատարանը որոշում կայացնի: Ի՞նչ է՝ ուզում եք հարցը տեղափոխել տղայական կամ մերձտղայական հարթություն: Սա պետություն է: Այդ մարդիկ չէ՞ին, որ մանկապարտեզ գրավելուց էին խոսում, իսկ եթե դա հաջորդ պահին տեղի ունենա, չեք ասի՞ բա պետությունն ինչ էր մտածում»,- ընդգծեց նա:

Նա լրագրողից հետաքրքրվեց՝ հե՞տ է վերցրել ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանի դեմ ներկայացրած բողոքն իրեն հարվածելու համար եւ բացասական պատասխան ստանալուց հետո ասաց. «Ես կոչ եմ անում ձեր դիմումը հետ չվերցնել, բայց դուք ձեր դիմումը հետ կվերցնեք, նոր ուրիշներին նման հարցեր կտաք: Տեսանյութում երեւում է, որ դուք մտնում եք Հակոբ Արշակյանի կնոջ սուպի մեջ»:

  • Կիսվել: