հինգշաբթի, հոկտեմբեր 15
15 / 10 / 2026
Լուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս ըմբռնումը ավելի առարկայանում է. Փաշինյան

Լուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս ըմբռնումը ավելի առարկայանում է. Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող անկլավների և էքսկլավների փոխանակման հարցը բանակցային գործընթացում քննարկվող տարբերակներից մեկն է:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Անկլավ-էքսկլավների խնդրի լուծման մի քանի տարբերակ կա: Իմաստն այն է, որ լուծումը լինի այնպիսին, որ սահմանի երկու կողմերում անկլավներ և էքսկլավներ չլինեն, դա քննարկվող սցենարներից մեկն է: Ես զգում եմ, որ Հայաստանում և Ադրբեջանում ըմբռնումը, որ այսպիսի մի լուծում է պետք գտնել, ավելի առարկայանում է, որովհետև բոլորս էլ հասկանում ենք, որ մյուս սցենարը բազմաթիվ խնդիր է առաջացնելու, առավել ևս այդ գյուղերի բնակիչների շրջանում՝ ո՞նց են սահմանն անցնելու և այլն»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց՝ պետք է հասկանալ, թե տեխնիկապես և իրավաբանական առումով այդ լուծումն ինչ ձևակերպում կստանա, օրինակ՝ հանրաքվեի անհրաժեշտություն կլինի՞, թե՞ ոչ:

«Նախ, պետք է տեղի ունենա սահմանազատում, ճշգրիտ տարածքների տեղորոշում, մենք պետք է իմանանք՝ Արծվաշենն ինչ տարածք է իրենից ներկայացնում, որ ճիշտ լուծում տանք»,- նշեց նա:

Հայաստանի վարչապետը հավելեց՝ կարծում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության ինստիտուցիոնալացման եզրափակիչ փուլ են մտել և կարևոր է, որ այդ գործընթացը մինչև 2031 թվականը հասնի իր ավարտին:

 

  • Կիսվել: