Պարզվեց՝ հազարից ավել համախոհներ ունեցանք, և դա պարտավորեցնում է շարունակել պայքարը. Խաչիկ Մանուկյան
Բանաստեղծ, «Հայրենիք» կուսակցության կողմից Վաղարշապատի համայնքապետի թեկնածու առաջադրված Խաչիկ Մանուկյանը շնորհակալություն է հայտնում իրեն վստահողներին.
«Բարի լույս, իմ Վաղարշապատ։
Բարի լույս, սիրելի վաղարշապատցիներ։
Քարոզարշավի սկզբում ասել էի՝ թեկուզ մի մարդ հավատա և միանա մեզ, ուրեմն մեր պայքարն իզուր չի անցնի։
Պարզվեց՝ հազարից ավել համախոհներ ունեցանք, և դա պարտավորեցնում է շարունակել պայքարը՝ հանուն արժանապատվության, հանուն հային հայ պահող արժեքների և հանուն ճշմարիտ խաղաղության։
Շնորհակալ եմ՝ ինձ վստահողներին, շնորհակալ եմ նաև նրանց, ովքեր իմ հանդեպ իրենց թերահավատությամբ ստիպեցին վերանայել քաղաքական դաշտում իմ մոտեցումները և միասնական հաղթանակներ ունենալ՝ ի փառս Հայոց։
Այսուհետ ավելի շատ սեր ու նվիրում պիտի փոխանցեմ ձեզ և առավել ամուր կանգնեմ ձեր կողքին։
Ձեր՝ Խաչիկ Մանուկյան»։
Հիշեցնենք, որ նախօրեին Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղի ունեցած ավագանու ընտրություններից մասնակցել է 8 ուժ, որոնցից ըստ ԿԸՀ–ի նախնական տվյալների, նվազագույն շեմը հաղթահարել են երեքը՝ ՔՊ–ն, «Հաղթանակ» դաշինքը և «Մայր Հայաստան» կուսակցությունը։
Ըստ նախնական տվյալների՝ ավագանու 33 տեղերը բաշխվում են հետեւևյալ կերպ.
ՔՊ – 19 մանդատ,
«Հաղթանակ» դաշինք – 12 մանդատ,
«Մայր Հայաստան» – 2 մանդատ։
Սա նշանակում է, որ ՔՊ–ն միանձնյա կարող է համայնքապետ նշանակել, առանց որևէ ուժի հետ կոալիցիա կազմելու։
«Հայրենիք» կուսակցությունն ստացել է 1193 ձայն, որը կազմում է ընտրողների 3.8 %–ը։


