հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Փախնողների ու փախածների գաղափարաբանություն է սերմանվել մեր երիտասարդների շրջանում. Փաշինյան

Փախնողների ու փախածների գաղափարաբանություն է սերմանվել մեր երիտասարդների շրջանում. Փաշինյան

Քարոզարշավի ժամանակ մարդիկ մեզ ասում էին ընկերության, համարձակության, արժանապատվության մասին եղկելիության աստիճանի կեղծ պատկերացումների մասին, որոնց ապավինելով մեր շատ երիտասարդներ, ցավոք, այսօր թաղերում, փողոցներում, բակերում կոտորում են իրար. «ասենք ի՞նչ կա, ինչի՞ ես տենց նայում» փնթի խոսույթի ներքո։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 20–ին, ՔՊ համագումարի իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Տասնյակ սպանություններ են տեղի ունենում այս փնթի խոսույթի ներքո, այդ կեղծ, իբր արժանապատվության, իբր ընկերասիրության, բայց թույլ տվեք ասել, որ այսպես վարվում են վախկոտները։ Այս նույն կատեգորիան է, որ տասնյակներով փախել է մարտի դաշտերից՝ ներքին հույս փայփայելով, թե Հայաստանը կդարձնեն մերձգողական մարտերի մարտադաշտ։ Գիտե՞ք, ինչով է ավելի հարմար Հայաստանը այդպիսի մարտադաշտ դարձնելը, որովհետեւ քւոչայական այդ մարտերից փախչելը ոչ միայն ամոթալի չէ, այլեւ ամենաընդունելի գործելակարգն ու արարողակարգն է։ Փախնողների ու փախածների գաղափարաբանություն է սերմանվել և սերմանվում մեր երիտասարդների շրջանում։ Ես այդ կատեգորիան տեսել եմ ու նրանց հետ շփվել եմ Կոշի և մյուս գաղութներում։ Այդ կատեգորիաների գաղափարաբանությունը Հայաստանի արմատախիլ անելը համարում եմ կարեւորագույն քաղաքական առաքելություն, իմ քաղաքական առաքելությունը»,–ասաց նա։

Փաշինյանը խոստովանեց, որ 2021–ին քարոզարշավի մեջ են մտել ստանդարտ ռազմահայրենասիրական նախընտրական ծրագրով. «Բայց նախընտրական քարոզարշավի ընթացքում լսեցինք ժողովրդի խոսնակներին, գերդաստանների մայրերին։ Հենց նրանց շնորհիվ հաղթեցինք 2021 թվականի ընտրություններում, բայց նրանք նաև հարստացրին մեր քաղաքական միտքը, նոր քաղաքական ուժ և հայացք տվեցին մեզ և պարտադրեցին փոխել մեր ռազմավարությունը և ընկալումները։

Դա իհարկե մի օրում կամ նույնիսկ մի տարում տեղի չունեցավ, դա տեղի ունեցավ երկար երեք տարիների ընթացքում, այդ տարիների մտորումների, առերեսումների հայեցման արդյունքում է, որ ծնվեց «իրական Հայաստանի» գաղափարախոսությունը, որը կենարար և խաղաղարար դարձավ Հայաստանի Հանրապետության համար։ Այդ գաղափարախոսությունն է հնարավոր դարձրել խաղաղությունը, որը մենք այսօր ունենք, սիրելի գործընկերներ։

Խաղաղությունն, իհարկե, երկկողմանի գործընթաց է, և այս խոսույթով ես պատմում եմ խաղաղության մեր պատմությունը, ներկայացնում եմ խաղաղության մեր ճանապարհը, պատմության մեր բաժինը, թե Հայաստանի կառավարող մեծամասնությունը ինչպես, ինչ ճանապարհով հասավ այս կետին»,– հայտարարեց նա։

  • Կիսվել: