հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ով ում հետևից, տակից խփեց, սրանք խորհդարանի քննարկման առարկա չեն, երկրում լրջագույն այլ խնդիրներ կան. Պետրոսյան

Ով ում հետևից, տակից խփեց, սրանք խորհդարանի քննարկման առարկա չեն, երկրում լրջագույն այլ խնդիրներ կան. Պետրոսյան

«Տեղի է ունեցել շատ տհաճ և ցավալի միջադեպ, որը որևէ դեպքում չի տեղավորվում պառլամենտարիզմի, քաղաքական երկխոսության տրամաբանության մեջ»,- խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն՝ անդրադառնալով մայիսի 8-ին ԱԺ նիստերի դահլիճում «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների միջև տեղի ունեցած ծեծկռտուքին։

Պատգամավորը նշեց, որ երկու խմբակցությունների ներկայացուցիչներին կոչ են արել վերադառնալ կառուցողական քննարկումների դաշտ, քանի որ կորոնավիրուսի համավարակի տարածման ֆոնին պետության դեմ ծառացած  են այնպիսի խնդիրներ, որոնք օր առաջ լուծում են պահանջում։

«Հիմա տնտեսության կոտրված ողնաշարը շտկելու փոխարեն խորհրդարանը զբաղված է արհեստական օրակարգ  քննարկելով, որը որևէ մեկին օգուտ չի տալու»,- ասաց Իվետա Տոնոյանը։

Հարցին, թե արդյոք «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ծեծկռտուքի մասնակից պատգամավորների մանդատները վայր դնելու անհրաժեշտություն տեսնում է, Իվետա Տոնոյանը նշեց, որ այստեղ որևէ մեկը չի կարող իրավապաշտպանի գործառույթ իրականացնել։

«Տեղի է ունեցել շատ տհաճ, ցավալի միջադեպ, մենք մեր գնահատականը հնչեցրել ենք։ Ինչ վերաբերում է խորհրդարանական երկու խմբակցությունների պատգամավորների մանդատները վայր դնելուն, կարծում եմ՝ յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքը պիտի որոշի իր գործունեության տրամաբանությունը»,- հավելեց նա։

Հարցին, թե իրենք էլ են կարծում, որ Սասուն Միքայելյանի երկու ելույթները բռնության կոչեր չէին, իսկ միջադեպին կողքից ու հետևից խփող չի եղել, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նշեց, որ Հայաստանում շատ լուրջ խնդիրներ կան, սակայն հիմա խորհրդարանական ծեծուջարդով են զբաղվում։

«Բավական է ժողովրդի ուշադրությունը այս հարցերով զբաղեցնել: Այսօր Հայաստանում շատ լուրջ խնդիրներ կան, սակայն հիմա խորհրդարանական  ծեծուջարդի վերլուծությամբ ենք զբաղված։ Կան իրավապահ մարմիններ, թող իրենք բարձր գտնվեն, հետևողական լինեն օրենքով իրենց վերապահված լիազորություներն իրականացելու հարցում, և մենք մեզ ազատենք այս խնդրից: Խորհրդարանում պետք է քաղաքական մթնոլորտ լինի, բռունցքներ ցուցադրելու վայրը բոլորովին այլ տեղ է, խորհրդարանը չէ, հիմա սրանից ավելի մենք ի՞նչ ասենք։ Հո չենք ընկնելու մեղավորներ մատնանշենք, մեղավորության ապացուցումը իրավապահ մարմինների խնդիրն է, մենք իրավունք չունենք վերազանցելու մեր լիազորությունները։ Ով ում հետևից խփեց, տակից խփեց, դեմից խփեց. սրանք խորհրդարանի քննարկման առարկա չեն, բազմաթիվ խնդիրներ կան»,- նշեց Գևորգ Պետրոսյանը։

Պատգամավորի խոսքով, իրենք դատապարտել են տեղի ունեցածը, բացի այդ, իրենք ասել և կրկնում են՝ խոսքին պետք է խոսքով հակադարձել, կարծիքին՝ կարծիքով, բայց այսօր այնքան այս թեման արծարծվեց, որ կորոնավիրուսի թեման երկրորդական, երրորդական է դարձել:

«Մենք չպետք է տարվենք մի բանով ու ամբողջ օրը խոսենք դրա մասին: Իրավապահները թող տան դրանց գնահատականը։ Մենք չենք ուզում ստվերել իրավապահ մարմինների գործունեությունը, վստահում ենք նրանց, թող պարզեն, ժամանակը ցույց կտա, թե որքանով էինք լավատես մեր չկասկածելու մտայնության մեջ, թող քննեն բացահայտեն և որ այդպիսի դեպքերը չկրկնվեն: Ճիշտ է՝ երևույթը շատ վատ էր, հատկապես Շուշիի ազատագրման օրը, բայց դա չի մեր երկրի գլխավոր խնդիրը: Ժողովրդին շատ քիչ է հետաքրքրում, թե ով է եղել այդ ծեծկռտուքի մեղավորը, պետք չէ օրը մեկ միջադեպով կերակրել ժողովրդին, մոռացության տալ իր իրական խնդիրները»,- ասաց  Գևորգ Պետրոսյանը։

Նրա խոսքով, այսօր երկիրն ունի տնտեսական-սոցիալական շատ լուրջ և չլուծված հարցեր, արտաքին քաղաքական մարտահրավերներ, և իշխանությունը պետք է առավելագույնս թափանցիկ և հաշվետու լինի ժողովրդին այդ խնդիրների համար:

«Եկեք հեռանանք այս արհեստական օրակարգից»,- եզրափակեց խոսքը Գևորգ Պետրոսյանը։

  • Կիսվել: