հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ով ինչ հարց ունի, թող գա Արցախ, նստենք, խոսենք. Վարդանյանը՝ իր՝ Արցախ տեղափոխվելու որոշման վերաբերյալ արձագանքների մասին (տեսանյութ)

Ով ինչ հարց ունի, թող գա Արցախ, նստենք, խոսենք. Վարդանյանը՝ իր՝ Արցախ տեղափոխվելու որոշման վերաբերյալ արձագանքների մասին (տեսանյութ)

Գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանն անդրադարձել է իր՝ Արցախ տեղափոխվելու որոշման վերաբերյալ հայաստանյան արձագանքներին և ասել, որ ով ինչ հարց ունի, թող գա Արցախ, նստեն, խոսեն, գործ անեն, ՛՛հետո արդեն պարզ կլինի, թե իրականում ով՝ ով է՛՛։ Այս մասին նա ասել է Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

՛՛Առաջին հերթին ես շատ ուրախ եմ, որ այդ որոշումը կայացրել եմ, երկրորդը՝ շատ ուրախ եմ, որ Արցախում եմ, երրորդը՝ շատ ուրախ եմ, որ տարբեր երկրներում ապրող շատ մարդիկ, տարբեր խավերի ներկայացուցիչներ իսկապես ողջունում են իմ այս քայլը: Բայց ես պատրաստ էի և հասկանում էի, որ միշտ կլինեն մարդիկ, որոնք չեն հավատա, կասկածով կվերաբերվեն, սպասողական վիճակի մեջ կլինեն: Մի մասն էլ, եկեք պարզ ասենք, հասկանալով կամ չհասկանալով՝ օգնում են Ադրբեջանին: Տեսնում եք, թե նրանց մամուլը որքան ագրեսիվ է արձագանքում, ինչեր են գրում իմ մասին… Իսկ մյուս կողմից էլ՝ մեր հասարակության մի մասը յուղ է լցնում նրանց կրակին:

Մի կողմից՝ դա այն իրականությունն է, որն ունենք, բայց մյուս կողմից էլ՝ մենք չպիտի վախենանք, պիտի գնանք առաջ, մեր գործը պիտի անենք, գործով պիտի ցույց տանք, թե ով ինչ է ասում… Ասել եմ՝ ով ինչ հարց ունի, թող գա այստեղ՝ Արցախ, այստեղ նստենք, խոսենք, գործ անենք, հետո արդեն պարզ կլինի, թե ով ինչ է մտածում, ինչ է ասում, ու իրականում ով ո՛վ է՛՛:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: