հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ոստիկանությունն իր գործունեությունն իրականացնելիս պետք է զերծ լինի քաղաքական միջամտությունից. ՀՀ ՄԻՊ

Ոստիկանությունն իր գործունեությունն իրականացնելիս պետք է զերծ լինի քաղաքական միջամտությունից. ՀՀ ՄԻՊ

Ներքին անվտանգության հարցերը չեն կարող որևէ երկրում անջատ դիտարկվել արտաքին անվտանգության մարտահրավերներից. հարկավ, մեր երկրում 44-օրյա պատերազմից ու դրան հաջորդած ու դեռևս հիմա շարունակվող անվտանգային յուրահատուկ միջավայրը ուղղակիորեն թելադրելու է սկզբունքներ ներքին գործերի նախարարության ձևավորման համար: Այդ մասին «Ներքին գործերի նախարարության ստեղծումը, քաղաքացիական վերահսկողության կարևորությունը» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում ասաց ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը:

Իր ելույթում բանախոսն անդրադարձավ ՆԳ նախարարության ստեղծման անհրաժեշտությանը, դրա հանրային 4 օգուտներին և ռիսկին:

Օգուտ 1. ՆԳՆ ձևավորումը ոստիկանության գործողությունների նկատմամբ խորհրդարանական ու քաղաքացիական վերահսկողության ապահովման մեխանիզմ ու ոլորտի քաղաքականության հաջողությունների ու ձախողումների քաղաքական պատասխանատուի որոշում.

Նախարարությունը նշանակում է խորհրդարանական վերահսկողություն՝ խորհրդարանական բոլոր գործիքների կիրառման մասով. խորհրդարանական լսումների, Կառավարության հետ հարցուպատասխանի, հարցապնդումների, ընդհուպ Կառավարության անհատական անդամի հետկանչի կամ անվտահության հայտնելու հարցերով: Բայց խորհրդարանական վերահսկողության տրամաբանության մեջ մտնում են նաև ազգային անվտանգության նպատակների ու թիրախների հետ ներդաշնակեցնել ներքին անվտանգության ու հասարակական կարգի ապահովման նպատակները, ապա նաև վերահսկել դրանց իրականացումը՝ դրսևորելով ադապտացիոն որակներ:

Ոստիկանությունն իր գործունեությունն իրականացնելիս պետք է զերծ լինի քաղաքական միջամտությունից: Ոստիկանությունը պետք է գործի պրոֆեսիոնալ, պետք է պաշտպանի հանրությանը և դա անի էթիկայի և բարեվարքության սկզբունքներին համապատասխան, արդյունավետ, հարգալից կերպով և օրենքին համապատասխան: Սա ապահովելու առանցքային միջոցներից մեկը Կառավարության կազմում քաղաքական, սակայն, միևնույն ժամանակ, իր բնույթով քաղաքացիական ներկայացուցչություն ունենալն է. նախարարություն, նախարար, որը մի կողմից՝ պաշտպանում է ոստիկանությանը քաղաքական ճնշումներից և կրում է քաղաքական պատասխանատվություն, մյուս կողմից՝ վերահսկում և քաղաքական պատասխանատվություն է կրում ոստիկանության աշխատանքի ընդհանուր որակի, դրա թափանցիկության, հաշվետվողականության, ծառայության զարգամցման, ազգային անվտանգության թիրախների ու մարտահրավերիների համադրման համար ներքին անվտանգության թիրախներին:

Օգուտ 2. ՆԳՆ ձևավորման օգուտները ոստիկանության և համակարգի այլ ծառայողների համար.

Երբ խոսում ենք այն մասին, որ Ոստիկանությունն ապաքաղաքական մասնագիտական կառույց է, որը պետք է օրենքի կիրառման միջոցով ծառայի ու պաշտպանի հանրությանը, պաշտպանի ու ապահովի մարդկանց իրավունքները, չպետք է մոռանալ մեդալի հակառակ կողմի մասին: Ամբողջ աշխարհում ոստիկանությունը հասարակության ամենալայն զանգվածների հետ ամենաինտենսիվ շփվող իրավապահ մարմինն է, և, այս առումով, առավել ավելի հակված է և խոցելի է սոցիալական մեդիայի քարկոծման տեսակետից. որպես մասնագիտական ծառայություն պետք է ունենա քաղաքական թիրախավորումից պաշտպանվելու մեխանիզմ. այդ քաղաքական թիրախավորումից պաշտպանության վահանը հենց նախարարությունն է: 

Բյուրոկրատիայի ու ոչ ոստիկանական գործառույթների թոթափումը ոստիկանության ուսերից նշանակում է, որ մի կողմից ոստիկանությունը կկենտրոնանա իր հիմնական գհգործառույթների կատարման վրա, իսկ մյուս կողմից հնարավորություն կբացվի ոստիկանությանը հատկացվող գումարներն առավել թիրախային բաշխել հենց ծառայության կարիքների ու ծառայողների սոցիալական երաշխիքների բարելավման ուղղությամբ: Անցման ընթացքում պետք է երաշխավորվեն ծառայողների համար խրախուսիչ հնարավորություններ՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի արտոնությունների, սոցիալական այլ երաշխքիների ապահովման և ընդլայնման առումներով: Անցումը չպետք է ընկալվի որպես ծառայության համար պատիժ, այլ ավելի պատվաբեր ու ապահով, քաղաքական ճնշումներից զերծ ծառայության անցնելու հնարավորություն:

Օգուտ 3. ՆԳՆ ձևավորումը՝ որպես մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովման մեխանիզմ.

Ոստիկանությունն իր գործառույթների բերումով անդադար գործ ունի մարդկանց իրավունքների ու ազատությունների ապահովման ու դրանց սահմանափակման հետ: Որպես մասնագիտական կառույց ոստիկանությունը պետք է այս առումով ստանա պատշաճ կրթություն և հրահանգավորում, առաջնորդվի օրենքներով և կանոններով, որոնք համապատասխանում են Սահմանադրությանը և մարդու իրավունքների միջազգային ստանդարտներ սահմանող մեր պարտավորություններին ու փաստաթղթերին, ոստիկանությունը պետք է ունենա մասնագիտական շարունակական պիտանի կրթության հնարավորություն և, իհարկե, օրենքների և կանոնների կիրառման նկատմամբ ունենա պատշաճ վերահսկսցություն:

Օգուտ 4. ՆԳՆ ձևավորումը որպես ոստիկանական գործունեության արդիականացման և ծառայության արդյունավետության ապահովման պահ.

Ժողովրդավարական երկրներում կառավարումն իրենց ներկայացնում է ամբողջ կառավարման ցիկլի արդյունավետություն: ՆԳՆ-ի դեպքում դա գործնականում նշանակում է, որ բոլոր ժողովրդավարություններում այս նախարարությունները վերահսկում են ավելին քան ոստիկանական ծառայություններն են: Նկատի ունենալով ԱԻՆ հիմքով ՆԳՆ ստեղծման որդեգրված մոտեցումը՝ կարծում եմ, որ ծառայությունների կառավարման արդյունավետության, ռեսուրսների ընդհանուր օգտագործման, աղետներին ու ճգնաժամերին համագործակցված արձագանքնման ու այլ օգուտները շատ են, և անհրաժեշտ կլինի կառուցվածքի ու կանոնադրության քննարկումներում առաջնորդվել բոլոր ծառայություններին լսելու և նրանց հորիզոնական համագործակցությունը լավագույնս ապահովելու մոտեցումներով:

Խոսելով ռիսկի մասին՝ Քրիստիննե Գրիգորյանն ասաց. «ՆԳՆ ձևավորման փուլերի ու քայլերի մանրակրկիտ պլանավորումը ու ժամանացույցի ճշգրտությամբ իրագործումը կարծում եմ՝ ամենամեծ մարտահրավերն է լինելու, որովհետև ամենալայնածավալ վերակազմակերպումն է. և նրա ազդեցությունը շատ ավելի լայն է, որովհետև մենք օրինակ՝ ոստիկանությունը, ՓԾ-ը, Միգրացիոն ծառայությունը, որոնք գործում են 24/7 ռեժիմով, ակնհայտ է, որ որևէ արձակուրդի և դադարի հնարավորություն չունեն, և պետք է ապահովվի անցման ընթացքում պատշաճ ծառայության ապահովման անհրաժեշտությունը»:

  • Կիսվել: